Այլաբանության ու նորարարության հմուտ գիտակը հայ դասականներին դասական արվեստի ավանդույթների լեզվով էլ հավերժացրել է՝ փորձելով ընդգծել նրանց վերժամանակյա արժանիքները։
Թեպետ Գագիկ Գեւորգյանի նախորդ ստեղծագործությունների զգալի մասը եւս բովանդակային առումով կապված է հայկական թեմաների եւ խնդիրների հետ, այնուամենայնիվ, այս արձանախումբը հեղինակի համար արժեհամակարգային կարեւորություն է կրում:
Գագոյի «Վերնատուն» շարքը
Տաղանդավոր քանդակագործ Գագիկ Գեւորգյանը (Գագո) հանդես է եկել հայ մեծերին քանդակելու նախաձեռնությամբ. շարքը նա կոչել է «Վերնատուն»` 125 տարի առաջ Թիֆլիսում հիմնված նույնանուն գրական ակումբի շնչով փորձելով հայոց մեծերի անմեռ ոգով արվեստի նոր միջավայր ստեղծել մեր օրերում: Սփյուռքում (մանավանդ Լիբանանում կատարած իր մի շարք գործերով) հայտնի Գագոն իր այս աշխատանքներով ստեղծագործական նոր էջ է բացում ոչ միայն իր, այլեւ՝ հայ քանդակագործության պատմության մեջ:
Արվեստաբան Տաթեւիկ Համբարձումյանի հոդվածը՝ Գագիկ Գեւորգյանի այս շարքի մասին:
Պոստմոդեռնիստական արվեստի չափանիշներով ստեղծագործող, մանր պլաստիկայի ոլորտի մերօրյա լավագույն հեղինակներից մեկը՝ քանդակագործ Գագիկ Գեւորգյանն (Գագո) իր ծավալուն գործունեության մեջ ներառել է մի նախաձեռնություն, որն իր համար, ըստ էության, կարեւոր հայրենասիրական առաքելություն է հանդիսանում։
Հայ ստեղծագործական մտքի 24 երեւելի այրերի` ռեալիստական ավանդույթներով ստեղծված մանրադիր դիմաքանդակները Գագիկը կերտել է վերջիններիս տուն-թանգարաններին եւ Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրելու մտադրությամբ։ Քանդակագործի այս քայլը կոչված է բոլորի ուշադրությունը սեւեռել դեպի ազգային ինքնությունն ու արժանապատվությունը կերտող արժանավորները։
Փոքրածավալ դիմաքանդակները, ինչպես արդեն ասացինք, մշակված են քանդակի դասական ավանդույթներին հարիր՝ բնորդի դիմագծերին հավատարիմ ճշմարտացիությամբ, անթերի հղկված մակերեսով։ Դասականորեն զուսպ դիմախաղը դիտողի մոտ պատկառանքի ու մեծարանքի զգացողություն է առաջացնում, ամեն անհատ ներկայանում է իրեն բնորոշ դիմագծերով՝ առաջին իսկ հայացքից ճանաչելի։
Գագիկ Գեւորգյանի արվեստը լավ ճանաչողների մոտ հավանաբար զարմանք կարող է առաջանալ, քանի որ այս քանդակախումբն արմատապես տարբերվում է հեղինակի նախկին աշխատանքներից։ Ստեղծագործական հարուստ մտքի տեր, ժամանակակից արվեստի լեզվին քաջատեղյակ արվեստագետը մտածված է հղում արել դասական արվեստին՝ անցյալի կանոնիկ լեզուն գերադասելով պոստմոդեռնի հարուստ ու համարձակ մեթոդներից։
Այլաբանության ու նորարարության հմուտ գիտակը հայ դասականներին դասական արվեստի ավանդույթների լեզվով էլ հավերժացրել է՝ փորձելով ընդգծել նրանց վերժամանակյա արժանիքները։
Թեպետ Գագիկ Գեւորգյանի նախորդ ստեղծագործությունների զգալի մասը եւս բովանդակային առումով կապված է հայկական թեմաների եւ խնդիրների հետ, այնուամենայնիվ, այս արձանախումբը հեղինակի համար արժեհամակարգային կարեւորություն է կրում:
Քանդակված մեծերի շարքում են Մարտիրոս Սարյանը, Նիկոլ Աղբալյանը, Գարեգին Նժդեհը, Սայաթ Նովան, Հովհաննես Շիրազը, Կոմիտասը, Հրաչյա Ներսիսյանը, Վիլյամ Սարոյանը, Պարույր Սեւակը, Եղիշե Չարենցը, Շառլ Ազնավուրը, Սերգեյ Փարաջանովը, Սոս Սարգսյանը, Բաբկեն Ներսիսյանը, Գրիգոր Նարեկացին, Արամ Խաչատրյանը, Անդրանիկը,Ավետիք Իսահակյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Համո Սահյանը,Վահան Տերյանը, Մոնթե Մելքոնյանը, Լուսինե Զաքարյանը, Սողոմոն Թեհլերյանը։




