Այսօրուընէ Հայաստանի մէջ կ'արգելուի ծխախոտային արտադրատեսակներու, ծխախոտային արտադրատեսակներու փոխարինիչներու օգտագործումը հանրային սնունդի բոլոր վայրերու, այդ շաքին` բացօթեայ (ճաշարաններ, սրճարաններ, խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ վայրեր):
Այս առնչութեամբ առողջապահութեան նախկին նախարար, ԱԺ ՔՊ-ական պատգամաւոր Արսէն Թորոսեան ֆէյսպուքեան իր էջով գրած է. «2022թ. Մարտի 15-ն է: Այսօրուանից բոլոր հանրային սննդի հաստատութիւններում արգելւում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը` Հայաստանը դասելով քաղաքակիրթ երկրների շարքին, որոնք ջանք են գործադրում աւելի առողջ միջավայր ապահովելու համար:
Առաւօտեան Առողջապահութեան ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի տնօրէն Ալեքսանտր Բազարչեանի հետ այցելեցինք սրճարան, որպէսզի դիտարկենք օրէնքի աշխատանքը եւ կարող ենք փաստել, որ առնուազն այստեղ այն աշխատում էր:
Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին օգնել մեզ աշխատացնել օրէնքը` պահանջելով մաքուր օդ բոլոր հաստատութիւններում», գրած է ան: