Գիւմրու նախկին քաղաքապետ Սամուէլ Բալասանեանն այսօր արձագանգած է Գիւմրիի մէջ Նիկոլ Փաշինեանի հնչեցուցած յայտարարութիւններուն.
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գիւմրեցիներ,
Վարչապետի պաշտօնը զբաղեցնող յայտնի անձը Գիւմրիում անցկացուող իրենց նախընտրական միջոցառման ժամանակ անդրադարձել է ինձ , յայտարարելով «Սեւ Բերդ» ամրոցի ապօրինի սեփականաշնորհման մասին:
Առողջութեանս հետ կապուած եւ իմ ընտանիքին բաժին հասած փորձութիւնների բերումով՝ երկար ժամանակ չեմ անդրադարձել տուեալ անձի յայտարարութիւններին , սակայն համբերութեանս բաժակը լցուել է։
Այս ամէնի մէջ ամենազաւեշտալին այն է, որ նա նոյնիսկ տեղեակ չէ, որ շինծու քրէական գործը վերաբերւում Է ոչ թէ «Սեւ Բերդ» ամրոցին այլ դրան յարակից հողերին: Կարծում եմ, քեզ զեկուցող տգէտներ շատ կան:
Բոլոր գիւմրեցիները գիտեն, թէ ինչ վիճակում է գտնուել «Սեւ Բերդ» ամրոցը մասնաւոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում՝ ՄԱՍՆԱՒՈՐ ԱՆՁԻՑ եւ ինչ է դարձել հիմա: Մշակութային, մարզական, պետական(որոնց մասնակցել ես ինքդ) մակարդակի ինչ միջոցառումներ են տեղի ունեցել «Սեւ բերդ»-ում՝ բացարձակապէս անվճար, մինչ օրս քաղաքի տուրիստական զարդն է՝ նորից անվճար: Ձեր խղճուկ խմբակը Գիւմրիի զբօսաշրջային զարգացման համար չի արել 10 տոկոսն այն ամէնի, ինչ արել է «Սեւ Բերդ» ամրոցը ՝ մեր քաղաք հարիւր հազարաւոր այցելուներ բերելով ու դառնալով թիւ մրկ այցեքարտը:
Ինչ վերաբերում է «Սեւ Բերդ»-ի ապօրինի լինելուն, խորհուրդ եմ տալիս նախքան մեղադրելը,անմեղութեան կանխավարկած խախտելը, քո ելոյթով պետական ողջ գործիքակազմը իմ ընտանիքի դէմ տրամադրելը՝ ստանալ ճիշդ տեղեկութիւններ:
«Սեւ Բերդ» ամրոցը մեր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից այլ ոչ թէ համայնքից: Այնպէս որ, «Սեւ Բերդ» ամրոցը չի կարող դառնալ քո սիրելի #հատիկառհատիկի կոնտենտ եւ յայտնուել ռենճ ռովեռի կողքին:
Մարդկային, բարոյական բոլոր սահմանները անցած անձին, խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ինձանից եւ իմ ընտանիքից:
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գիւմրեցիներ,
Առողջական խնդիրներս կարգաւորուելուն պէս վերադառնալու եմ Գիւմրի: Ինձ հետ կապուած բոլոր շինծու մեղադրանքներին իրաւական եւ քաղաքական պատասխանը տալու եմ, իսկ որդուս՝ Խաչատուր Բալասանեանի գործով «իրաւական գործընթացը» դատաքննութիւնը մտել է բաց փուլ, իրաւական ֆարսը բոլորի համար ակնյայտ է լինելու, չնայած այս խմբակի գործողութիւններում իրաւական հետք փնտռելը անիմաստ է:
Այդ անձը խօսեց «վերջին բոյի» մասին, ասեմ որ վերջին բոյ պէտք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թէ Գիւմրիում՝ «Սեւ Բերդ»- ի դէմ:
Սիրելի գիւմրեցիներ, իմ կոչն է ձեզ՝ ակտիւօրէն մասնակցել Գիւմրիում կայանալիք աւագանու արտահերթ ընտրութիւններին՝ մինուս մէկ ձեւաչափով, մերժելով մեր ազգին սեւ ու սպիտակի բաժանած խմբակին եւ նրանց դրածոյին:
Աստուած Պահապան Հայ Ազգին»։