Լոս Անջելեսի փաստաբանների պալատի նախագահ Բրայան Քափաթեքը դատական հայց է ներկայացրել աշխարհահռչակ հայ փաստաբան Մարկ Կիրակոսի դեմ:
labusinessjournal կայքը, փոխանցելով լուրը, նշում է, որ Քափաթեքը Մարկ Կիրակոսի տարիների գործընկերն է, նրանք համագործակցում էին փաստաբանական կարեւոր հարցերում, սակայն այժմ նա իր հայ գործընկերոջից պահանջում է 10 միլիոն դոլարի հատուցում՝ երկու փաստաբանների սեփականություն համարվող քաղաքացիական օդանավի ապահովագրական հարկերը չվճարելու, ինչպես նաեւ՝ արտոնագրեր չունեցող օդաչուներ գործի կանչելու համար:
Իր հերթին Մարկ Կիրակոսը նույն աղբյուրին հայտնել է, որ էլեկտրոնային փոստով է տեղեկացել գործընկերոջ՝ իր դեմ ներկայացրած դատական հայցի մասին: Դատական առաջի նիստը կայանալու է սեպտեմբերի մեջ:
Մամուլը հատուկ նշում է, որ ամերիկյան դատական ոլորտի երկու հայտնի գործիչները մինչեւ վերջերս սերտ գործընկերներ էին:
Նրանք գործել են հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքների պաշտպանության ոլորտում, իսկ Մարկ Կիրակոսը տարբեր ժամանակներում դատարանում ներկայացրել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի, ամերիկացի փոփ երգիչ Քրիս Բրաունի, բռնքամարտիկ Մայք Թայսոնի շահերը: