«Ամէն ինչ պարզ է։ Ադրբեջանը յստակ մտադրութիւն ունէր հայերի էթնիկ զտում իրականացնելու Լեռնային Ղարաբաղում, ինչը նա արեց։ Բայց այս քննարկման մէջ ապշեցնում է մեր ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը»,-Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստին Լեռնային Ղարաբաղի մէջ մարդասիրական իրավիճակի վերաբերեալ հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ ըսած է ՀՀ Ազգային Ժողովի Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի պատուիրակութեան ղեկավար Ռուբէն Ռուբինեանը՝ արձագանգելով Ատրպէյճանի պատուիրակ Քամալ Ճաֆարովի ելոյթին։
Ան նշած է, որ Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահութիւնը պէտք է նման բան թոյլ չտայ։
«Նրանք ստանձնել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի պաշտպանների դերը։ Նրանք պնդում են, թէ Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ Ադրբեջանը բազմազգ դրախտ է երկրի վրայ։ Նկատեցի՞ք, որ նրանցից ոչ մէկը մէկ բառ անգամ չասեց 100,000 հայերի ճակատագրի, նրանց կարիքների վերաբերեալ։ Նրանցից ոչ մէկը ցաւակցական մի բառ չասաց այն մարդկանց մասին, ովքեր զոհուել են, ովքեր բաժանուել են իրենց ընտանիքներից։ Բայց եթէ հաշուի առնենք, որ այն, ինչ կատարուեց, այն ռեժիմի յստակ մտադրութիւնն էր, որը նրանք ներկայացնում են, ամէն ինչ տրամաբանական է դառնում։
Բայց սա ամէնը չէ։ Այս մարդիկ այնքան զուրկ են ամօթից, որ նոյնիսկ մի ամբողջ բնակչութիւն էթնիկ զտման ենթարկելուց մի քանի շաբաթ յետոյ գալիս են այս կազմակերպութիւն եւ Հայաստանը Արեւմտեան Ադրբեջան են անուանում», -ըսած է Ռուբինեանը։
Անոր խօսքով՝ պէտք չէ հանճար ըլլալ հասկնալու համար, որ Ատրպէյճանի վերջին գործողութիւնները ցոյց կու տան, որ այդ երկիրը սպառնալիք դարձած է միջազգային իրաւակարգի համար։
«Եւ այս ռեժիմը պէտք է պատժուի օրէնքով։ Եւ մենք, որպէս Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւն, ակնկալում եք ձեզանից իւրաքանչիւրի, որպէս միջազգային հանրութեան ներկայացուցչի աջակցութիւնը այս հարցում։ Որովհետեւ սա միայն Հայաստանի հարցը չէ, սա միջազգային իրաւակարգի խնդիր է։
Յարգելի նախագահողներ, խնդրում եմ թոլ չտալ որեւէ մէկին այստեղ օգտագործել իռեդենտիստական, ագրեսիվ տերմիններ։ Անթոյլատրելի է Հայաստանը Արեւմտեան Ադրբեջան անուանելը, կարծում եմ՝ կարիք չկայ բացատրելու, թէ ինչու», -ըսած է ան։