Որոտան բնակավայրի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանեանը միացած է Գորիսի ճանապարհը փակած ցուցարներուն։
«Բոլորիս պահանջն այն է, որ թուրքը չհասնի մեր սահմանը, նոյնիսկ, եթէ մեր վերադասը տարածք է տալիս, թող չէզոք գօտի տայ։ Նոյեմբերի 9-ի համատեղ յայտարարութեամբ Ղուպաթլու-Զանգելանի հարցը չի եղել, հակամարտութեան կողմերը պէտք է կանգ առնէին իրենց զբաղեցրած դիրքերում, մեր ասածը սա է»,- նշած է Օհանջանեանը։
Որոտանի վարչական ղեկավարը ըսած է, եթէ մէկ տարածք տաս, ստիպուած կ'ըլլաս նորէն տալ։
«Կամաց-կամաց ինչ ասեն, մենք իրենց լսե՞նք։ Միանգամից թող ասեն՝ գրողի ծոցը գնացէք, գնանք։ Փութինը սիրուն ասի՝ եկէք Ռուսաստան ապրէք, գնանք, ապրենք, էս էլ տանք իրենց, պրծնենք։ Երեւանում նստելը մարդկանց հեշտ է։ Եթէ Սիւնիքը տուինք, Երեւանի համար էլ են իրենք դուռը ծեծելու՝ տուկ-տուկ։ Մեր ասածն այն է, որ գոնէ եթէ տալիս են, չէզոք գօտի տան, հեռու հատուած տան»,- նշած է վարչական ղեկավարը։
Նշենք, որ ըստ Կապանի քաղաքապետ Գէորգ Փարսեանի՝ ՊՆ-էն հրաման եղած է, որ մինչեւ ժամը 17։00-ն Սիւնիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը պիտի յանձնուին թշնամիին։