Տաղանդավոր երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանը Գյումրու անօթևանների ավան էր այցելել ամուսնու՝ Անդրանիկ Միքայելյանի հետ: Նա եկել էր ունկնդրելու իր կրտսեր երաժիշտ ընկերոջը՝ Տիգրան Համասյանին, միաժամանակ՝ ինչպես նշեց «Արևելքի» հետ զրույցում, իր ցավն արտահայտելու և աջակցությունը ցույց տալու տնակներում ապրող գյումրեցիների ճակատագրի առթիվ կազմակերպված նախաձեռնության առթիվ:
Երգչուհին հուզված էր. ամայի վայրում բացօթյա համերգը՝ աշխարհահռչակ երաժշտի կատարմամբ (հնչում էին նաև հոգևոր երաժշտության մշակումներ), շրջակայքում ապրող մարդկանց թշվառ վիճակը, որոնք դուրս էին եկել դիտելու անսովոր համերգն ու հավաքված բազմությունը, խառնել էին արվեստի ու կյանքի ազնվագույն սկզբունքներով ապրող երգչուհու ներաշխարհը:
Հասմիկ Հարությունյան և Անդրանիկ Միքայելյան/«Արևելք»
«Մարդիկ, որոնց հնարավորություններն անսահմանափակ են և աչքները փակ կարողանում են ապրել և չտեսնել ուրիշի թշվառությունը, և եթե հերթը հասել է նրան, որ երաժիշտները, որոնք իրենք էլ մի մեծ կարողությունների տեր չեն, փորձում են ինչ-որ բան անել, որ գոնե գիշերը խիղճները հանգիստ լինի, ես ուրեմն դրական եմ վերաբերվում դրան: Խիղճն է ամենակարևորը, մարդու խիղճն է իր դատավորը: Ամեն օր էլ մենք արթնանում և փորձում ենք ինչ-որ բան անել, որովհետև սիրում ենք մեր երկիրը, ուզում ենք այստեղ ապրել, ուզում ենք ավելի լավը տեսնել: Եթե պիտի ապրենք, ուրեմն պիտի օգնենք իրար, անտարբեր չլինենք հարևանի, ընկերոջ, մյուսների վիճակի հանդեպ: Եթե այս թշվառության մեջ իրար չօգնենք, ուրեմն հայ ժողովրդի համար աշխարհի վերջը կլինի:
Արդեն անհնար է տեսնել այս վիճակը: Իմ սերնդի ամբողջ լավագույն տարիներն անցան՝ սպասելով: Սովետական տարիներին գիտեինք, որ կան պատկան մարմիններ, որոնք միլիոնավոր դոլարներ են տնօրինում, իսկ երբ այսօր նայում ես այս վերջին քսահինգ տարիներին նրանց կարողությունների հարյուրապատկվելը, մտածում ես՝ սա ի՞նչ բան է»:
Խոսելով տնակային պայմանների մասին՝ երգչուհին ասաց.«Ես այսպիսի շատ պայմաններ եմ տեսել, ոչ միայն Գյումրիում, այլև ընդհանրապես ամբողջ Հայաստանում. ամեն տեղ խնդիրը մի այլ ձև է: Գնում ես սահմանամերձ գյուղեր, այնտեղ էլ սարսափելի է: Ի՞նչ անես, որ նրանց տները քարից կանգնած են, բայց ամեն օր գնդակի առջև, թշնամու առջև են մարդիկ: Այնտեղի երեխան էլ է սոված, և սահմանից այսքան հեռու այստեղի երեխան էլ նույնն է: Այսպիսի ստեղծարար ժողովրդի մեջ, այսպիսի վիճակ, այսպիսի թշվառություն… այս ի՞նչ Աստծո պատիժ է, սա քրիստոնյա ժողովրդի ապրելակե՞րպ է»,-մեզ հետ զրույցում իր մտորումները ներկայացրեց արվեստագետը:
Խոսելով Տիգրան Համասյանի նախաձեռնության մասին՝ Հասմիկ Հարությունյանն ասաց. «Ես չեմ ուզում ասել սա հուսահատության ակցիա է, ընդհառակը՝ հույսի ակցիա է ու շատ պարտավորեցնող է բոլորիս համար:
Ամեն մեկս պիտի այսպես մեր բաժինն անենք: Տիգրանն անում է ինչ որ բան և ցույց է տալիս, որ ամեն մեկս ինչ որ հնարավոր է, պետք է անի: Երբեմն ես էլ եմ ուժասպառ եմ լինում, ասում եմ՝ լավ, ես ի՞նչ կարող եմ անել, բայց չէ, տեսեք որ կգա մեկը, լրիվ ուրիշ մտքով և այսպիսի հրաշալի բան կլինի: Հիմա այս ուրախությունը ավելի շատ այս հավաքված մարդիկ են ապրելու, քան այն ընտանիքները, որոնց համար հավաքվել ենք: Տիգրանի այս նախաձեռնությունն ավելի շատ մեզ է ուժ տալու՝ ապրելու, ինչ որ բան անելու, մարդ մնալու և երկիրը չլքելու»: