image
Հրատապ լուրեր:

«Ես իշխանութիւնը յանձնած էի Կարէն Կարապետեանին» Սերժ Սարգսեան

«Ես իշխանութիւնը յանձնած էի Կարէն Կարապետեանին» Սերժ Սարգսեան

Պէտք է ըսեմ, որ, իմ կարծիքով, ուղիղ կապ ունին․ այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցաւ 2018-ի գարնան, իր էութեամբ հակաղարաբաղեան շարժում էր, եւ անկեղծօրէն պէտք է ըսեմ՝ ոչ միայն հակաղարաբաղեան, այլեւ՝ ղարաբաղցիներու դէմ։ Այս մասին «Արմնիւզ» հեռուստաընկերութեան հետ հարցազրոյցի ժամանակ յայտարարած է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանը, պատասխանելով հարցին՝ «թաւշեայ յեղափոխութիւնը» եւ Ձեր հրաժարականը որեւէ կապ ունէի՞ն Արցախեան հիմնահարցի հետ։

«Այնպիսի մի իրավիճակ ստեղծուեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թէ փորձել բազմաթիւ լուծումներից մէկն առաջարկել հանրութեանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա Դուք արտայայտեցիք, որ ես նրանց յանձնել եմ իշխանութիւնը։ Ոչ, նախ՝ իշխանութիւնը ես յանձնել եմ Կարէն Կարապետեանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրաւունք ունեն այդպէս կարծելու, որ ես իշխանութիւնը յանձնել եմ սրանց։ Տեսէք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծուել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողութիւններից եւ այն համոզմունքից, որ եթէ փոխուի գլխաւոր բանակցողը, ապա բանակցային գործընթացում տեղի են ունենալու այնպիսի փոփոխութիւններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։ Հիմա հարցազրոյցի ընթացքում մենք դրան տարբեր ասփեքթներից կ'անդրադառնանք։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրուել վարչապետ, եւ որեւէ մէկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, նախաձեռնութիւնը ստանալ այդպիսի ընթացք։ Ես նաեւ շատ լաւ հասկանում եմ բոլոր այն մարդկանց, որ յետհայեաց՝ ռեթրոսփեկտիւ, վերլուծելով, ասում են՝ բա ինչո՞ւ նախնական շրջանում միջոցներ չձեռնարկուեցին, ինչո՞ւ, օրինակ, երբ նրանք Ռատիոտունը գրաւեցին, կոշտ միջոցներ չձեռնարկուեցին, բայց միւս կողմից էլ ուզում եմ, որ նրանք հասկանան նաեւ ինձ՝ նորից եմ ասում՝ որեւէ նախադրեալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ, այդպիսի ուժգնութիւն ստանալ»։

Սերժ Սարգսեանի բառերով՝ ապագայ քափիթուլանտը իր տեսադաշտին մէջ յայտնուած է 90-ական թուականներու սկիզբներուն․

«Աւելի ստոյգ՝ 1993 թուականի վերջերին, երբ ես մի քանի ամսուայ պաշտպանութեան նախարար էի, եւ բազմաթիւ յաջողութիւններից յետոյ մենք ռազմաճակատում որոշակի խնդիրներ ունեցանք, եւ այդ խնդիրները մանիփուլացնելով, իրականութեանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով՝ ուղղակի ցաւ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլ նաեւ իմ մարտական ընկերներին», ըսած է Սերժ Սարգսեանը, պատասխանելով հետեւեալ հարցին․ «Դուք ասում էք, որ իշխանութիւնը փոխանցել էք Կարէն Կարապետեանին, բայց լայնօրէն տարածուած մի վարկած կայ, Դուք էլ հաստատ լսել էք այդ մասին, որ Հայաստանի գործող վարչապետը Ձեր «փրոյէքթ»ն է՝ անձամբ Ձեր։ Դա այդպէ՞ս է, թէ՞ ոչ։ Ձեր շփումները յեղափոխութեան օրերին, միգուցէ դրանից առաջ, իշխանութիւնը փոխանցելուց յետոյ եղե՞լ են, թէ՞ այն մի քանի րոպէանոց դրուագն է եղել, որը բոլորիս աչքի առջեւ էր»։

«Դուք նրա անունը այն ժամանակ արդէն ֆիքսել էիք»՝ ճշդող հարցին, 3-րդ նախագահն ըսած է․

«Ոչ, նրա անունը ես ֆիքսել եմ 2020-ի նոյեմբերի 9-ին։ Եթէ անուն ասելով՝ քափիթուլանտին նկատի ունէք․․․  Երկրորդ անգամ մենք հանդիպել ենք 90-ականների վերջին՝ դատարանում, եւ երրորդ անգամ մենք հանդիպել ենք 2018-ին՝ «Մարիոթ» հիւրանոցում։ Որեւէ այլ հանդիպում կամ միջնորդաւորուած կապ չի եղել։

Ոչ էլ հեռախօսային խօսակցութիւն: Ասում եմ՝ նոյնիսկ միջնորդաւորուած որեւէ կապ չի եղել, եւ ֆիզիքապէս, նորից եմ կրկնում, այդ մարդուն ես տեսել եմ երեք անգամ»։

«Իր կողմից էլ յետոյ չի՞ եղել որեւէ ցանկութիւն՝ արդէն իր պաշտօնավարման օրօք Ձեզ հետ կապ հաստատել՝ Արցախի հարցով հենց»՝ հարցին Սերժ Սարգսեանը պատասխանած  է․

«Ոչ, ինչի համար ես ուրախ եմ, որովհետեւ ես այդպիսի ցանկութիւն չունէի»։

«Բայց Դուք կ'ընդունէի՞ք այդ առաջարկը, եթէ լինէր։ Պատերազմի օրերին այդ պատրաստակամութիւնը երեւաց՝ Ձեր եւ միւս նախկին նախագահների»՝ հարցին  ի պատասխան նախկին նախագահը նշած է․

«Դա մի ուրիշ հանգամանք է, երբ նախկին նախագահներով, այո, ունէինք այդպիսի ցանկութիւն, բայց երբեք ես նրա հետ, ինչպէս ասում են, դէմ առ դէմ չէի հանդիպի մենակ։ Ոչ, ես չեմ ունեցել այդ ցանկութիւնը։ Ինչ վերաբերում է, որ քափիթուլանտը իմ նախագիծն է, դա ուղղակի զաւեշտ է, ես այդպիսի նախագիծ չէի ցանկանայ նոյնիսկ իմ թշնամուն, ուր էր, թէ ես ինձ համար այդպիսի անհեթեթութիւն պիտի խզբզէի։ Քափիթուլանտը իմ նախագիծը չէ։ Եւ բացի Ձեր ասածից՝ ես գիտեմ նաեւ այլ հետեւութիւններ, ուղղակի ուզում եմ մէկ անգամ եւս ասել, որ նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որեւէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասութիւններ: Հակասութիւններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի եւ Արցախի զարգացման հարցում էապէս տարբերւում էին այդ ուժերի պատկերացումներից։ Քափիթուլանտին ընտրել է ժողովուրդը, մեր խաբուած ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ, եւ բոլոր նրանք, ովքեր այդ թէզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրայ։ Ինձ կանգնեցրել էին ցուգցուանգի առջեւ՝ կա՛մ պէտք է ուժ կիրառել, իսկ ինչպէս յիշում էք՝ փողոցում բազմաթիւ երեխաներ ու կանայք էին (պարզ էր, որ առանց կորուստների դա չէր կարող լինել, պարզ էր, որ դա խոցելի էր դարձնելու Հայաստանին ինչպէս բանակցային գործընթացում, այնպէս էլ՝ մնացած բոլոր հարցերում), կա՛մ պէտք է որոշում ընդունէի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարաւորութիւն՝ ժամանակի ընթացքում այդ հարցը կարգաւորել»։

«Դուք այդտե՞ղ սխալուեցիք: Ամենայայտնի արտայայտութիւնը Ձեր հրաժարականի թեքսթի՝ որ նա ճիշդ էր, Դուք սխալուեցիք, վերաբերում էր Ձեր յետնորդի սխալ ընտրութեա՞նը»՝ հարցին ի պատասխան Սերժ Սարգսեանը բացասաբար պատասխանած է․

«Ոչ։ Ես կարծում եմ, որ ապրիլեան իրադարձութիւնների մասին կարելի է մի ամբողջ հաղորդման ընթացքում խօսել կամ մամուլի ասուլիսի ընթացքում, ինչն ինձ համար աւելի հոգեհարազատ է, եւ դա, կարծում եմ, կը լինի տեսանելի ապագայում։ Ինչ վերաբերում է իմ՝ հանրութեան հետաքրքրութիւնն առաջացրած ասածներին, ապա կարող եմ ասել միայն հետեւեալը, որ ես այդ յայտարարութիւնը խմբագրել եմ երեք անգամ․ առաջին անգամ՝ ապրիլի 23-ի առաւօտեան՝ աւելացրել եմ մի քանի նախադասութիւն, այնուհետեւ յայտարարութեան թեքսթը դրել եմ կողքի, մի 30-40 րոպէ հանգիստ մտածել եմ, այնուհետեւ այդ նախադասութիւններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ իմ կարծիքով՝ այդպիսի թեքսթը կարող էր իրավիճակն էլ աւելի թէժացնել, եւ երբ որ որոշ ժամանակ յետոյ իմ պատկերացմամբ՝ այդ թեքսթն արդէն իր վերջնական թեքսթն ունէր, հրաւիրել եմ վարչապետ Կարէն Կարապետեանին եւ ուղիղ նրան հարցրել՝ ասելով հետեւեալը. «Կարէ՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդեօք այս իրավիճակում ամբողջ պատասխանատւութիւնը վերցնել քեզ վրայ»։ Նա անմիջապէս ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանաւորուենք հետեւեալ կերպ՝ մենք որոշ ժամանակ յետոյ պէտք է գնանք նախագահական (այնտեղ խորհրդակցութիւն կար Վեհափառ Հայրապետի մասնակցութեամբ), եւ այդ խորհրդակցութիւնից անմիջապէս յետոյ կարող ես գնալ մեկուսարան եւ նրանց յայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն։ Չմոռանանք, որ յաջորդ օրը ապրիլի 24-ն էր։ Պայմանաւորուեցինք»։

Սերժ Սարգսեանի խօսքով՝ խօսք չէ եղած իշխանութիւնը անոնց փոխանցելու մասին, խօսքը իր հրաժարականի մասին էր։

«Կարապետեանը նրանց չէր ասել, նրանց հետ չէր խօսել իշխանութեան փոխանցման մասին, Կարապետեանը նրանց ասել էր, որ ես հրաժարական եմ տալիս։ Դրանից յետոյ ես Կարէն Կարապետեանին ցոյց եմ տուել իմ հրաժարականի թեքսթը եւ նրա խնդրանքով եւս մի պարբերութիւն հանել։ Դա երրորդ խմբագրումն էր»։

«Ապրիլի 23-ին Կարէն Կարապետեանի միջնորդութեամբ այսօրուայ իշխանութիւններին բանտից ազատելով՝ Դուք հասկացրել էք Կարապետեանին, որ Դուք ոչ թէ նրանց էք իշխանութիւն փոխանցում, այլ Կարապետեանին էք իշխանութիւն փոխանցում։ Դա կարո՞ղ էք լիարժէքօրէն ասել, որ ուղերձը եղել է դա, Կարապետեանին էլ է Ձեր ուղերձը եղել դա, որ իրեն չէք տալիս իշխանութիւն, յետոյ գործող իշխանութեանը դա փոխանցելու հաշուարկով, այլ իրեն էք վստահում պետութեան կառավարումը»,  հարցին Սերժ Սարգսեանը պատասխանած է․

«Խօսակցութիւնն այդպէս ուղիղ էլ եղել է։ Բացի դրանից՝ ես ապրիլի 23-ին վարչապետ էի, Կարէն Կարապետեանը՝ առաջին տեղակալ, եւ վարչապետի հրաժարականից յետոյ երկրի կառավարումն անցնում է առաջին տեղակալին, դա միանշանակ է, այստեղ որեւէ կասկած չկայ։ Ես նորից եմ կրկնում՝ իմ ասածի մէջ որեւէ միտում չկայ, որ սրանց իշխանութեան գալու մէջ ես որեւէ մեղք կամ հանգամանք չունեմ։ Ոչ, ես ուղղակի ասում եմ իրականութիւնը ու նորից եմ կրկնում՝ ուղիղ եմ ասում՝ չմեղադրելով Կարէն Կարապետեանին»։