Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ուսանող Անահիտ Խուդավերդյանը փոխանակման ծրագրով այժմ սովորում է Կահիրեում:
Պետհամալսարանի կայքի լրագրողի հետ զրույցում Անահիտը պատմել է մասնագիտության ընտրության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, երկու երկրների փոխառնչության եւ հայկական ավանդույթներով Ամանորն այնտեղ նշելու մասին:
Անահիտն ասում է՝ երբ կատարվեց երազանքն ու ընդունվեց ԵՊՀ՝ սահմանեց նոր նպատակներ, որոնցից մեկն արտասահմանում սովորելն էր: Նրա խոսքով՝ ֆակուլտետում համակողմանի գիտելիքներ ստանալով եւ արտասահմանում լեզվակիրների հետ հաղորդակցվելիս այն կիրառելով՝ զարգացնում է մասնագիտական հմտությունները, որոնք հետագայում մեծ պահանջարկ են ունենալու Հայաստանում:
«Սովորելով ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում՝ ուսումնասիրում ենք ամբողջ Արեւելքի պատմությունն ու մտովի պատկերացնում դրա ողջ հմայքը: Հատկանշական է, որ ԵՊՀ-ն հնարավորություն է ընձեռում տեսնելու այն երկրներից մեկը, որի մասին պարբերաբար լսում ենք դասերի ժամանակ: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է, որից պետք է օգտվել եւ արտերկրում ստացած գիտելիքները հետագայում կիրառել թե՛ բուհի, թե՛ երկրի զարգացման համար»,- խոսելով համալսարանական կրթության կարեւորությունից՝ մեծ ոգեւորությամբ պատմում է Անահիտը:
Նա ասում է, որ գնալով Կահիրե՝ կարճ ժամանակահատվածում օտար միջավայրում ապրելու փորձ է ձեռք բերել, ինչպես նաեւ համոզվել է՝ սահմանած նպատակներին հասնելու համար պատրաստ է հաղթահարելու բոլոր խոչընդոտները, քանի որ հաջողության գաղտնիքը համբերատարությունն ու նպատակին հասնելու ձգտումն է:
Խոսելով Կահիրեի լեզվի կենտրոնում անցկացվող դասապրոցեսի հագեցած լինելուց` Անահիտը նշում է, որ հաճախ կազմակերպվում են սոցիալական շփման միջավայր ստեղծող այնպիսի հանդիպումներ, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկիրը:
«Այստեղ ամեն մեկը մանրամասնորեն պատմում է իր երկրի, ազգային սովորույթների, ավանդույթների ու կրոնի մասին: Երբ ես խոսում եմ հայերի եւ Հայաստանի մասին՝ ներկայացնելով մեր երկրի տեսարժան վայրերը, նկատում եմ, որ ուսանողները մեծ հետաքրքրությամբ են լսում։ Նման խոսակցությունների արդյունքում է, որ բացահայտել ենք բազմաթիվ նմանություններ արաբական երկրների ներկայացուցիչների եւ հայերի միջեւ թե՛ լեզվական (հատկապես բարբառների) առումով, թե՛ առհասարակ մշակույթի, ճաշատեսակների եւ ավանդույթների»,- անդրադառնալով երկու ժողովուրդների ունեցած ընդհանուր հատկանիշներին՝ պատմում է Անահիտը:
-Փոխառնչությունները շատ են, այդ դեպքում Նոր տարին ո՞ր երկրի ավանդույթներով ես նշել:
-Որքան էլ փորձես Ամանորը նշել հայկական ավանդույթներով, ամբողջությամբ չի ստացվի: Տոներին ավելի ընդգծվեց այն, թե ինչպես կարող են երկու տարբեր ազգերի ներկայացուցիչներ միավորել իրենց մշակույթները, օրինակ, պատրաստելով ավանդական ուտեստներ: Այս օրերին, կարելի է ասել, ձեւավորվել է մի յուրօրինակ «մշակութային երկխոսություն», որն էլ նպաստում է մեր աշխարհայացքի ընդլայնմանը: