image
Հրատապ լուրեր:

Դինքը եւ Սերվանտեսի հերոսը

Դինքը եւ Սերվանտեսի հերոսը

Հոդվածի մրցույթ «Հրանտ Դինք. նահատակության 10-րդ տարին» 

 

Սերվանտեսը եթե ապրեր մեր օրերում եւ մեր ռեգիոնում, անշուշտ իր թափառական ասպետի կերպարի կերտման գործում պետք է որպես նախատիպ աչքի առաջ ունենար մեծ հայորդուն, ով տասը տարիներ առաջ այս օրերին սպանվեց` իր կյանքը տալով հանուն թուրքական իր հայրենիքում խոսքի ազատության կայացման: Խոսքն իհարկե Հրանտ Դինքի մասին է, մարդ, որ պատրաստ էր հագնել կիսամաշ ծակ կոշիկներ, սակայն անմնացորդ կերպով պայքարել իր երկրում բռնատիրության դեմ: Ինչ-որ իմաստով դա «մենամարտ էր հողմաղացների դեմ», գուցեեւ ներկայի կամ կարճաժամկետ ապագայի հեռահարության համար դատապարտված եւ անպտուղ, սակայն երկարաժամկետ ապագայի համար իրապես կարեւոր եւ արդյունավետ: Նորից վերադառնանք Սերվանտեսին: Սերվանտեսի ժամանակներում Դոն Քիշոտը գուցեեւ անընկալելի էր, սակայն այսօր ամբողջական գրական-գիտական հաստատություններ զբաղված են մեն միայն այս գործի ուսումնասիրությամբ: Պատճառը պարզ էր` Սերվանտեսը մի քանի հարյուրամյակ գուցե առաջ էր ընկել իր ժամանակից եւ ստեղծել գործ, որն իր ասելիքով հասանելի եւ ընկալելի է այսօր` քսաներորդ կամ քսանմեկերորդ դարի մարդուն: Նույնը նաեւ Դինքն էր: Կարծրատիպերն ու ֆոբիաները, որոնք նա ուզում էր կոտրել, եւ ամեն ջանք ներդնում էր հանուն դա անելուն, իր կենդանության օրոք չհասկացվեց, գուցեեւ մերժվեց, մերժվեց այն աստիճան, որ այդ ամենի գինն արժեցավ կյանքը մեծ հայորդու: Սակայն նրա մահով բացվեց նոր էջ թուրքական հասարակության մեջ ազատ խոսքի, բազմակարծության` ինչու ոչ արյունով գրված էջերով գրքի մեջ: Այսօր արդեն այն ինչի մասին խոսելը դարձավ Դինքի համար սեփական կյանքի գինը, արդեն նույնքան վտանգավոր չէ, դանդաղորեն բայց մարդիկ խոսում են բաներից, որոնց համար դեռ երեկ կարող էին հայտնվել ճաղերի հետեւում: Թե որքան է տեղին համեմատությունը, չեմ կարող ասել, սակայն ակամա հիշեցի մի հայտնի խոսք, որ ժամանակին կարդացել եմ երանաշնորհ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի դասախոսություններում` «Արյուն մարտիրոսաց սերմ եկեղեցվո»: Դինքի սպանությունն, այո մարտիրոսություն էր, իսկ արյունը դարձավ սերմ Թուրքիայում ազատախոհության եւ ազատախոսության: Եվ վերջում կրկին գանք Սերվանտեսին: Դոն Քիշոտը ինչ-որ տեղ նաեւ խենթ էր, գոնե իր ժամանակակիցների համար: Դինքն էլ: Իսկ ինչ է՝ խենթությունը վատ բա՞ն է: Չեմ կարծում: Երբեմն պատմության անիվը շուռ են տալիս հենց խենթերը:


Արման Գրիգորյան

լրագրող