Ատրպէյճանի կողմէ Լաչինի միջանցքը փակելուն պատճառով, Հայաստան մնացած արցախցի 19 մանուկներ 17 Յունուարի ուշ երեկոյեան վերադարձան Արցախ եւ միացան իրենց ընտանիքներուն:
Մանուկներուն վերադարձին անդրադարձաւ Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեան, որ յայտնեց, թէ մանուկները Գորիսէն Ստեփանակերտ տեղափոխուեցան ռուսական խաղաղապահ զօրակազմին ընկերակցութեամբ:
«Շուշի-Քարին Տակ հատուածում` ճանապարհի շրջափակուած մասում, որտեղ տեղակայուած են էկոակտիւիստ («բնապահպան») ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները եւ նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցուել է ադրբեջանցիների կողմից: Այնուհետեւ, մեքենային են մօտեցել քաղաքացիական հագուստով դէմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ` տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենայ եւ նկարահանել մեքենայում գտնուող երեխաներին:
Ադրբեջանցիների սադրիչ գործողութիւնների հետեւանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետեւանքով երեխաներից մէկը ուշաթափուել է:
Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկուած գործողութիւնների արդիւնքում նրանք հեռացուել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը:
Այնուհետեւ, ճանապարհի շրջափակուած հատուածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղաւոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղութեամբ:
Ադրբեջանի կառավարութեան գործակալների այս լկտի պահուածքը երեխաների անձնական կեանքի կամայական եւ ապօրինի միջամտութիւն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիութեան, պատուի եւ հեղինակութեան նկատմամբ ապօրինի ոտնձգութեան: Այս յանցաւոր գործողութիւնները ամբողջութեամբ բացայայտում է նրանց իրական նպատակներն ու ցանկութիւնները:
Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ (ցեղային) ատելութիւնը չի ճանաչում սահմաններ` թիրախաւորելով անգամ անչափահաս երեխաներին:
Այս սադրիչ եւ յանցաւոր գործողութիւնը եւս մէկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակուած լինելու փաստը եւ դրանով անվտանգ երթեւեկելու անհնարինութիւնը` անգամ ռուսական խաղաղապահ զօրակազմի ուղեկցութեամբ», «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է Ստեփանեան:
Նշենք, որ Արցախ վերադարձած երեխաները Մանկական Եւրատեսիլ մեկնած Անաիդա Գաբուզեանի երգչախումբի անդամներն են, անոնք Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահներու միջնորդութեամբ վերադարձած են Արցախ։
Երեխաները շրջափակման պատճառով 37 օր ապրած են Գորիս:
Յիշեցնենք, որ Արցախը 37 օր կը գտնուի լիակատար շրջափակման մէջ, այնտեղ մարդասիրական ճգնաժամ է: