Չորրորդ հանրապետութեան գաղափարը կը բխի հայ ժողովուրդի պատմութենէն, կը բխի պատմական Հայաստանի ուղերձներու սերտումէն, ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը «Մի րոպէ մի բան ասեմ» շարքի 8–րդ տեսանիւթին մէջ։
«Ի՞նչ դաս է մեզ տալիս մեր պատմութիւնը: Մեր պատմութիւնը մեզ ասում է՝ մի՛ կրկնէք ինձ, իսկ նրան չկրկնելու համար մենք պէտք է կարդանք, մենք պէտք է սովորենք, պէտք է սերտենք մեր պատմութիւնը: Եկէք ի վերջոյ խոստովանենք, որ մենք շատ խօսում ենք մեր պատմութիւնից, բայց շատ չենք կարդում մեր պատմութիւնը:
Ի՞նչ է ասում մեզ պատմական Հայաստանը: Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ ձեր ունեցած պետութիւնը՝ ՀՀ-ն, մի դարձրէք պատմական Հայաստանի մաս, եւ հետեւաբար, Իրական Հայաստանի գաղափարախօսութիւնը եւ Չորրորդ հանրապետութեան գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմութիւնից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սերտումից»,-ըսած է ան տեսանիւթին մէջ։