ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլորովին վերջերս համշենահայերենը դասել էր վտանգված լեզուների շարքին. հերթական սպառնալիքը հայերենի ևս մի ուղղության, որի մասին հաճախ բարձրաձայնում են մասնագետները, բայց ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը ոչ միայն համշենահայերենի, այլ ընդհանրապես արևմտահայերենի պահպանման ուղղությամբ:
Սիրիահայերի հոծ զանգվածը երբ տեղափոխվեց Հայաստան, ԿԳ նախարարությունը որոշեց ոչ թե արևմտահայերենով դպրոց հրամցնել նրանց, այլ նրանց ներառել սովորական հանրակրթական դպրոցներում՝ արևելեհայերեն ուսուցմամբ: Սիրիահայերն ու մյուս հայրենադարձները չդժգոհեցին, հիմա արդեն ինտեգրվել են հայրենի կրթական համակարգում:
Այլ հարց է, թե որքանո՛վ է ԿԳ նախարարությանը մտահոգում արևմտահայերենի պահպանման հարցը: Պահպանման խնդիրն առկա է նաև սփյուռքում, որտեղ գաղութների ձուլման վտանգը կա, իսկ Հայաստանի իշխանության ջանքերը մեծ չեն լեզվապահպանմանը նպաստելու հարցում:
«Արևելք» կայքը, հարցին հուսադրող պատասխան ստանալու ակնկալիքով, դիմեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Նախարարը չհերքեց վտանգները, ավելին, վստահեցրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է խնդիրը, հաճախ նաև քննարկումներ են անցկացվում սփյուռքահայ գործիչների հետ: Քննարկում են լեզվի խնդիրը, բայց ոչ՝ արևմտահայերեն թեքումով դպրոցի բացման հարցը:
«Ես սփյուռքյան տարբեր խմբերի հետ քննարկումներ ունենում եմ, Վենետիկից վերջերս Գուճանյան Աբբահայրն այցելել է նման խնդրով, ես առաջարկել եմ շատ կոնկրետ ծրագիր ներկայացնել: Մենք այս պահին մեր օրակարգում այդպիսի առաջնահերթ խնդիր չունենք, բայց եթե ծրագիր լինի, որ մեզ համոզի, որ անհրաժեշտությունը շատ մեծ է և կարևոր, մենք դա անպայման կքննարկենք: Ես միշտ իրենց կոչ եմ արել, որպեսզի ծրագիր ներկայացնեն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Արդյո՞ք նախարարությունն ուսումնասիրել է խնդիրը, ծանո՞թ է սպառնալիքներին, նախարարը հավաստիացնում է, որ այդ ուղությամբ սփյուռքյան կազմակերպությունների հետ աշխատում են. «Մենք այս տարի կազմակեևրպել ենք համահայկական խորհրդաժողով, որին մասնակցել եմ Ծաղկաձորում, և այդ հարցը քննարկել ենք: Կրթության նախարարությունը փորձում է առավելագույնս աջակցել, որպեսզի վտանգները արևմտահայերենի հետ կապված վերանան, իհարկե գիտակցում ենք, որ խնդիրը կա, ծրագրի ենք սպասում»,-շեշտում է նախարարը:
Իսկ թե ի՞նչ մեխանիզմ է տեսնում լեզվի պահպանման, տեսնո՞ւմ է անհրաժեշտություն դպրոցի բացման, թե՞ պարզապես որոշակի դասաժամերի ներդրմամբ է խնդիրը լուծելի համարում, ասում է. «Գուցե դասընթաց դպրոցում, գուցե մյուս դասընթացների շրջանակներում բաղադրիչներ հայերենի դասավանդում, կքննարկենք, տարբվեր ձևեր կարող են լինել»:
Նա հավելում է, որ Վենետիկից Աբբահայրը բարձրացրել է նաև դասական ուղղագրության հարցը, որը ևս լուրջ խնդիր է համարում:
Անկախ նրանից, որ նախարարությունը կիսում է մտահոգությունները, անկեղծորեն նշում է. «Այս պահին առաջնահերթությունների մեջ չէ, երբ որ բնակչության մի զգալի հատված սկսել է լատինատառ գրել, մենք պետք է սկզբից վերադարձնենք հայերենը, հետո նոր մտածենք արևմտահայերենի մասին: Ես ասել եմ այդ խմբերին գոնե առաջին երկու տարիներին չունենք առաջնարհերթություն, սփյուռքահայերի հետ աշխատում ենք»,-ընդգծում է ԿԳ գերատեսչության ղեկավարը: