Որպէս Երրորդ հանրապետութեան հիմնադիր, առաջին նախագահը ստանձնած է քաղաքական պատրիարքի դեր, որ կը փորձէ ապահովել ընդդիմութեան համախմբումը՝ Նիկոլ Փաշինեանը իշխանութենէն հեռացնելու համար: Գրած է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբեանը։
«Առաջին նախագահը հանդէս է գալիս վերկուսակցական դիրքերից: Նա, որպէս Երրորդ հանրապետութեան հիմնադիր , ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմութեան համախմբումը՝ Նիկոլ Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելու համար:
Եթէ դա յաջողուի, մենք միայն ուրախ կը լինենք, որովհետեւ ընդդիմութեան համախմբումը կարեւորագոյն խնդիր է՝ հանրապետութեան առաջ ծառացած մարտահրաւէրները յաղթահարելու համար: Բայց մենք հասկանում ենք նաեւ, որ այդ առաքելութիւնը կարող է եւ չստացուել, իսկ այդ դէպքում Հայ Ազգային Կոնգրեսը ունի իր յստակ ասելիքն ու անելիքը:
Եթէ Առաջին Նախագահի ջանքերը պսակուեն յաջողութեամբ, այդ դէպքում միասնաբար կը պայքարենք: Եթէ չստացուի, միեւնոյնն է, մենք մեր պայքարից չենք հրաժարւում, որովհետեւ մենք ունենք մեր պատկերացումները, թէ ինչպէս պէտք է կառավարուի Հայաստանը ապագայում եւ ինչպէս Հայաստանը հանենք այս վիճակից»: