Աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը թուրքական «Դողուշ» հոլդինգի հետ նոր համաձայնություն է ձեռք բերել, ըստ որի «Դողուշի» աջակցությամբ հիմնվելու է Թուրքիայի առաջին լուսանկարչության թանգարանը, որ ունենալու է միջազգային բնույթ: Այդ մասին տեղեկանում ենք Ստամբուլի «Ժամանակից»: Պոլսահայ օրաթերթը միաժամանակ փոխանցում է, որ թանգարանում ցուցադրվելու են Արա Գյուլերի լուսանկարները, մրցանակները, շքանշանները և նրա գործունեությունն արտացոլող ողջ պաշարը: «Դողուշ» հոլդինգի ղեկավարները հայտարարել են, որ իրենց նպատակն է Արա Գյուլերի արվեստը պաշտպանության տակ առնել և փոխանցել սերունդներին: Թանգարանը կառուցվելու է Բեյօղլիի այն շենքում, որտեղ ծնվել է Արա Գյուլերը, և որը հետագայում նա օգտագործել է իբրև արվեստանոց:
Ինչպես հայտնի է՝ Արա Գյուլերը մեկ անգամ արդեն (2015-ին) պայմանագիր էր կնքել թուրքական «Դողուշ» հոլդինգի հետ, սակայն ամիսներ անց խզել էր պայմանագիրը: Ինչպես նախորդ, այնպես էլ նոր պայմանագիրը արժանացել է թուրքական մամուլի ուշադրությանն ու քննարկմանը: Մեկ այլ՝ բանավոր համաձայնությամբ Արա Գյուլերը խոստացել էր իր արխիվը նվիրել Հայաստանին, եթե համապատասխան շենք ու պայմաններ լինեն՝ հազվագյուտ լուսանկարները ցուցադրելու և պահպանելու համար:
«Արևելքի» հետ զրույցում ՀՀ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն ասել էր, որ Երևանում Արա Գյուլերի լուսանկարների թանգարան հիմնելու հարցով զբաղվում է Մշակույթի նախարարությունը, և այժմ Երևանում հարմար տարածք են փնտրում` այդ գաղափարն իրականացնելու համար:
Լուսանկարում՝ Արա Գյուլերը՝ «Դողուշի» ղեկավարներ Ֆերինդ Շահենքի և Հյուսնիվ Աքհանի հետ/լուսանկարը՝ «Ժամանակ» օրաթերթից