Պոլսահայ ընտանիքներում Կաղանդը դժվար է պատկերացնել առանց ավանդական անուշապուրի: Հին ժամանակ հայերը Կաղանդին նույնպես Պահք են պահել եւ այսօր էլ, մեր եկեղեցում, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը ընդունված է իբրեւ Պահոց շրջան: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկոյան հավատացյալները Պահք են պահում: Անուշապուրը Պահքի անուշեղեններից է, ուստի մեծ տեղ ունի նաեւ բարձրախաղ հոգեւորականների սեղանին, համարվում է Հայրապետների հրուշակը:
Պոլսահայերն առանձնակի սիրով են պատրաստում անուշապուրը: Պոլսահայ զվարճաբան Արփէն Չինարը իր Յութուբյան ալիքում տեղադրել է իրենց խոհանոցում նկարահանված փոքրիկ տեսանյութ, որում նրա մայրը ցույց է տալիս, թե ինչպես են պատրաստում անուշապուրը, եւ արտասանում ամենակարեւորը՝ «Համը հոտը մէջը ըլլա՛յ »:
Բաղադրիչներն ու պատրաստման եղանակը
Կես բաժակ կորկոտ (ծեծած եւ թեփը հանած ցորեն)՝ լվացած եւ չորացրած
6 բաժակ ջուր
¾ բաժակ ծիրանաչիր՝ կիսած
¾ բաժակ չամիչ (քիշմիշ)
1 բաժակ շաքարավազ
1 թ.գ. վանիլին
¼ բաժակ ընկույզ` կտրատած
¼ բաժակ նուշ
¼ բաժակ նռան հատիկ (ըստ հայեցողության)
Խառնել ջուրն ու ցորենը, եռացել: Հանել կրակից, դնել մի կողմ:
Հաջորդ օրը խառնուրդը մարմանդ կրակի վրա եփել, ավելացնել ծիրանաչիր, չամիչ, շաքարավազ, եւ, անհրաժեշտության դեպքում, մի փոքր ջուր, որպեսզի լուծվի շաքարը: Եռացնել եւս 30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Վերցնել կրակից, ավելացնել վանիլին: Անուշապուրը պատրաստ է: Լցնել այն ափսեի մեջ, որով մատուցվելու է, դնել սառնարանը: Մատուցելուց առաջ զարդարել նռան հատիկներով, նուշով կամ ընկույզով: