image
Հրատապ լուրեր:

Աիդա Ազնավուրը տոնեց 100-ամյակը

Աիդա Ազնավուրը տոնեց 100-ամյակը

Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրյան-Կառվարենցը, օրերս տոնեց իր ծննդյան 100-ամյակը: 

«Քրոջս հետ որոշել ենք, որ 100 տարեկանի շեմն անցնելու ենք։ Նա իրավունք չունի պայմանը խախտելու, ու ես էլ իրավունք չունեմ»,- Շառլ Ազնավուրի այս խոսքերը Աիդա Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ հիշեցրել է «Ազնավուր» հիմնադրամը:

Աիդա եւ Շառլ Ազնավուրների հայրը` Միքայելը (Միշան), ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին, Իզմիրում (Թուրքիա), հայ վաճառականների ընտանիքում՝ հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել է Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թիֆլիսի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)։

Շառլի եւ Աիդայի ծնողները արտիստներ էին. մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ։ Նրանք հանդիպում են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար:

1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը։

«Աիդան ու Շառլն անբաժան են եղել ողջ կյանքի ընթացքում. միասին երազել են մեծ բեմի մասին ու իրագործել իրենց երազանքը, միասին ապրել բոլոր ուրախություններն ու տրտմությունները, ստեղծագործել, ճամփորդել ողջ աշխարհով ու եղել իրար թեւութիկունք։ Շառլ Ազնավուրին նվիրված իր «Ափարիկս» (փոքր եղբայր) գրքում Աիդա Ազնավուրը պատմում է իր եւ եղբոր մտերմության ու արկածներով լի կյանքի մասին», - ասված է «Ազնավուր» հիմնադրամի հաղորդագրության մեջ:

 

 

Աիդա Ազնավուրը եղել է հայտնի հայ երաժիշտ, «Քեզ համար, Հայաստան» երգի համահեղինակ Ժորժ Կառվարենցի (1932-1993) կինը: