image

Ավելի քան 480 հայ բժիշկ է երբեւէ ապրել Վրաստանում. Հարություն Մինասյանի նոր գիրքը

Ավելի քան 480 հայ բժիշկ է երբեւէ ապրել Վրաստանում. Հարություն Մինասյանի նոր գիրքը

Լույս է տեսել բժիշկ, հետազոտող, հավաքորդ, բազմաթիվ գրքերի հեղինակ Հարություն Մինասյանի հերթական գիրքը: Այն կրում է «Վրաստան. Հայ եւ ծագումով հայ բժիշկներ, Կենսագրական բառարան (480 անուն)» խորագիրը: 

Ինչպես նշում է հեղինակը՝ գրքում այբբենական կարգով ներկայացված են  նախասովետական, սովետական եւ անկախ Վրաստանի տարածքում երբևէ ապրած շուրջ 480 հայ եւ ծագումով հայ բժիշկների համառոտ կենսագրականներ:

Գիրքն ունի գիտահանրամատչելի բնույթ եւ նախատեսված է  հայ բժշկության եւ Վրաստանի հայության պատմությունը ուսումնասիրող մասնագետների, ինչպես նաեւ ընթերցասեր լայն շրջանակների համար:

Հարություն Մինասյանն իր ուսումնասիրությունների ընթացքում հավաքել է Վրաստանում երբեւէ ապրած եւ աշխատած հայ բժիշկների ընդամենը մի փոքր մասի կենսագրականները:

Ուսումնասիրության ընթացքում, ինչպես նա է նշում, ոչ բոլոր անուններն է կարողացել ի մի բերել, որովհետեւ, ցավոք, գրական աղբյուրները (թերթեր, ամսագրեր, հանդեսներ, տեղեկատուներ եւ այլն) պահպանել են հիմնականում անվանի բժիշկների անունները: 

Գրքում չեն ընդգրկվել բազմաթիվ հայ բժիշկներ, որոնց միայն ազգանուններն էին հայտնի եւ բառարանագիրը չի կարողացել գտնել նրանց մասին որեւէ կենսագրական տվյալ:

Արժեքավոր այս բառարանի համար հիմք են ծառայել նաեւ հեղինակի՝ Հարություն Մինասյանի հիմնած Հայ բժշկության թանգարանի  երկար տարիների ընթացքում հավաքված արխիվային նյութերը:

«Արեւելք»-ը շնորհավորում է անվանի բժիշկ-գրողին՝ հերթական գրքի հրատարակության առթիվ: