1712 թվականի հունիսի 14-ին է ծնվել ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արեւելյան ձեւի հիմնադիր՝ Սայաթ-Նովան՝ Հարություն (Արութին) Սայադյանը: Նրա կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների եւ փիլիսոփաների բանավեճերի առարկան։
Նրա կյանքի բազմաթիվ կարևոր հանգամանքներ եւ մանրամասներ մինչև օրս էլ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Նրա մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներից են հենց իր գրած բանաստեղծությունները։ Սայաթ-Նովան ունի մի շարք լեզուներով գրված բանաստեղծություններ, տաղեր:
Սայաթ-Նովան իր տաղերում մե՛կ իրեն թիֆլիսեցի է կոչել, մե՛կ՝ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի՝ միջին դարերում եւ մինչև 20-րդ դարի սկզբները, հատկապես Արեւելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր եւ պապի ծննդավայրը։ Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը հալեպցի պանդուխտ Կարապետի եւ Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր:
Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել են Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերենի այբուբենը։
12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն եւ կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու եւ գործելու նոր դազգահ է պատրաստել։
Երգը եւ երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչեւ երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ եւ պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ եւ կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արեւելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում եւ Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետ վանքը՝ Տարոն, մինչեւ որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ։
Սայաթ-Նովայի կյանքն ընդհատվել է այն օրը, երբ Պարսկաստանի տիրակալ Աղա-Մահմեդ խան Ղաջարը դեպի Թիֆլիս իր արշավանքի ընթացքում կանգ է առել Հաղպատի վանքում ու հարկադրել բոլոր ներկաներին ուրանալ քրիստոնյա հավատքը եւ իսլամ ընդունել։ Սայաթ-Նովան հրաժարվել է եւ անմիջապես մահապատժի ենթարկվել։
Հայերից բացի նաեւ արեւելյան շատ երաժիշտներ են կատարում նրա գործերը, երգում երգերը: