Այս տարի լրանում է անվանի դիրիժոր, մանկավարժ, ՀՀ ժող. արտիստ Արամ Քաթանյանի ծննդյան 90–ամյակը:
Մեծանուն արտիստի հոբելյանին է նվիրվում մարտի 10–ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերան:
Ա. Քաթանյանը ծնվել է Երևանում 1926 թվականի մարտի 10-ին: 1951 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Կոնստանտին Սարաջևի դասարանը: Նույն թվականից եղել է Սվերդլովսկի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, 1958 թվականից` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, հետագայում նույն թատրոնի գլխավոր դիրիժորը: 1970-73 թվականներին ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և եղել է գլխավոր դիրիժորը: Նրա ղեկավարությամբ Երևանում իրականացվել են Ի. Ստրավինսկու «Էդիպ արքա» օպերա-օրատորիայի (1963թ.), Լ.Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» երաժշտական դրամայի (1963թ.), Զ.Մենոտտիի «Հյուպատոսը» (1966թ.), Վ.Բելլինիի «Նորմա» (1975թ.) օպերաների, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների մի շարք օպերաների և բալետների, այդ թվում` Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (1961թ.), Է.Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (1966թ.),Գ.Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968թ.), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (1969թ.) բեմադրությունները: 1976 թվականին Ա. Քաթանյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: