image
Հրատապ լուրեր:

Տիգրան Պասկեւիչյան. «Իշխանությունը ժամանակավոր է եւ՝ ընտրություններով դեռեւս չհաստատված»

Տիգրան Պասկեւիչյան. «Իշխանությունը ժամանակավոր է եւ՝ ընտրություններով դեռեւս չհաստատված»

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի հարցազրույցը՝ հրապարակախոս, գրող Տիգրան Պասկեւիչյանի հետ.

 

-Լրացավ Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրը: Այդ ընթացքում  տեղի ունեցած ի՞նչ փոփոխությունների մասին կարող եք նշել:  

 

-Հարյուր օրը, կարծում եմ, բավարար չէ փոփոխությունների որակի մասին խոսելու համար, հատկապես որ իշխանությունը ժամանակավոր է եւ՝ ընտրություններով դեռեւս չհաստատված։ Այս օրերի ընթաքում ես՝ որպես քաղաքացի, ոչ թե փոփոխություններ եմ ակնկալել, այլ փոփոխություն նախանշող մտադրություններ, որոնք, ցավոք, դեռ տեսանելի չեն։ Իսկ, ընդհանուր առմամբ, երկրում իրավիճակ է փոխվել։

 

-Խոսվում  է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները սոցիալական եւ տնտեսական խնդիրներ լուծելու հարցից անցան քաղաքական  վրեժ  լուծելու գործին: Համաձայն ե՞ք  այս մոտեցմանը:  

 

-Համաձայն չեմ «քաղաքական վրեժ» ձեւակերպմանը։ Քաղաքական վրեժի դրսեւորում կարող է լինել գաղափարական հակառակորդի նկատմամբ, մինչդեռ գործ ունենք մի խմբավորման հետ, որը երկու տասնամյակ անարգել թալանում էր երկիրը։ Կարծում եմ՝ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ուժը մաքրում է ավգյան ախոռները։ Հուսանք՝ դա կարճաժամկետ եւ արագընթաց ծրագիր է, որից հետո նորերը կլծվեն ընկերային եւ տնտեսական խնդիրների լուծմանը։

 

-Ներքաղաքական զարգացումներին զուգահեռ քննարկումներ են ընթանում նաեւ Արցախյան հարցի լուծման շուրջ:  Դուք որեւէ կապ նկատո՞ւմ եք Հայաստանի  թավշյա  հեղափոխության իրականացման ու Արցախյան հիմնախնդրի շուրջ առկա  քննարկումների մեջ:  

 

-Հասարակությունը սիրեց հեղափոխության թավիշը, քանի որ արցախյան հարցում սկզբունքային տարբերություն չկար. շարժումը status quo-ն խախտելու հայտ չէր ներկայացրել։

Մեր հասարակական, քաղաքական մտքի մեջ Արցախյան հարցին միշտ երկու մոտեցում կա. առաջինը դաշնակցականն է, երկրորդը՝ Տեր-Պետրոսյանինը։ Դաշնակցական եւ դրան առընթեր միտքը չի ժխտում տեր-պետրոսյանական մոտեցումը, ավելին՝ երբեմն նույնիսկ օգտվում է դրանից, բայց հեղափոխության կամ հակահեղափոխության օրակարգը մնում է նույնը, այսինքն՝ արցախյան հարցը շարունակում է լինել անհեռանկար ձգձգում։

 

-Կիսո՞ւմ եք ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի առաջ քաշած միտքը՝   ազատագրված տարածքները հակառակորդին հանձնելու վերաբերյալ։ Չնայած, որ նա ավելի ուշ իր արտահայտած մտքի շուրջ հերքում կատարեց, բայց Դուք ի՞նչ եք մտածում այդ տարածքների, դրանք հանձնելու խոսակցությունների մասին:

 

-Տիկին Զոյա Թադեւոսյանի դեմ հարձակում չէր լինի, եթե դաշնակցական մտայնություն կրող որոշ ուժեր չզգային համակարգի փլուզման վտանգը։ Սա մթության մեջ վախից ճչացողի վիճակ է։

Զոյա Թադեւոսյանը որեւէ վարկած առաջ չի քաշել, նա ասել է մի բան, ինչի մասին ավելի քան քսան տարի խոսում են. առաջին նախագահը՝ բացահայտ, նրան հաջորդած երկուսը՝ խուսանավելով։

Հիմա՝ տարածքներ հանձնելու մասին։ Ես չգիտեմ «տարածքներ հանձնել», «հող տալ» եւ նմանատիպ մյուս բառակապակցությունները որտեղի՞ց են հայտնվել հանրային ուղեղի մեջ եւ լեզվի վրա։ Սովորաբար վերագրում են Տեր-Պետրոսյանին, բայց առաջին նախագահը որեւէ բան հանձնելու մասին չի խոսել եւ չի խոսում։ Խոսքը բանակցելու անհրաժեշտության եւ այդ գործընթացում առավելագույն հնարավորը շահելու մասին է։ Իսկ մեր քաղաքական միտքը, ցավոք, «բացարձակ առավելը» գերադասում է «առավելագույն հնարավոր»-ին։ Շփոթմո՞ւնք է, մոլորությո՞ւն. չգիտեմ։

 

-Մտահո՞գ եք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններով,նկատի ունենալով, որ քննարկվում է նաեւ «թավշյա հեղափոխության»  հնարավոր վնասները՝ Հայաստանի համար  այդ կարեւոր ու ռազմա-քաղաքական նշանակություն ունեցող դաշինքին։

 

-Մտահոգվելու պատճառ չկա։  «Հայաստան-Ռուսաստան» հարաբերությունները չեն կարող խաթարվել ոչ տեսանելի, ոչ էլ հեռակա ապագայում։ «Թավշյա հեղափոխությունը» շատ կարեւոր մի ճշգրտում է անում, ինչը չի եղել 1997-ի հայ-ռուսական միջպետական համապարփակ պայմանագրի կնքումից ի վեր. Ռուսաստանը Հայաստանին պետք է նույնքան, որքան Հայաստանը Ռուսաստանին։

Ռուսական քաղաքականության դերակատարներին սա կարող է դուր չգալ, քանի որ խախտում է վերջին քսան տարում ձեւավորված ավանդույթը, բայց վաղ թե ուշ կհամակերպվեն հավասար գործընկերության մտքին՝ իշխանությունների թիկունքում ժողովուրդ տեսնելով։

 

-Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում  ընթացք առած ձերբակալությունների մասին:  Օրինակ,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը  քաղաքական պատվե՞ր է, ինչպես ասում են ոմանք, թե՞  դատաիրավական ոլորտի հասարակական    պահանջ։

 

-Իհարկե, պատվեր է եւ առնվազն տասը տարի ուշացած։ Դա ոչ թե դատաիրավական ոլորտի պահանջն է, այլ՝ հասարակության։ Մարտի 1-ի ոճիրի բացահայտմամբ կանխորոշվելու է մեր երկրի ապագան։ Ասում են՝ սահմանադրական կարգի խափանում, իրականում Մարտի 1-ով կասեցվել է մարդու՝ ազատ ապրելու հնարավորությունը։

 

«Թավշյա հեղափոխության» ողջ գործընթացին ուշի-ուշով հետեւեց նաեւ ողջ Սփյուռքը: Ի՞նչ  եք կարծում՝ Հայաստանի նոր իշխանությունները պատրա՞ստ են փոխել   սփյուռքի վերաբերյալ «Սփյուռքը միայն կթան կով է» կարծրատիպ դարձած մոտեցումը:


-Ոչ ներկա կառավարությունը, ոչ էլ բոլոր նախորդները (այո, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ ներառյալ) չեն ունեցել «Սփյուռքը միայն կթան կով է» կարծրատիպ դարձած մոտեցումը։ Այս կարծրատիպն ուրիշ արմատ ունի։ 1988-ի երկրաշարժից հետո, արցախյան պատերազմի ընթացքում Սփյուռք-Հայաստան հարաբերություններում գերիշխող միտումը եղել է Հայրենիքին նյութական օգնություն ցուցաբերելը։ Այդ միտումը կազմակերպական ձեւ է ստացել «Հայաստան» Համահայկական Հիմնադրամով։ Եւ որքան ուժեղ է եղել Հայրենիքին նյութապես օգնելու ձգտումը, այնքան մեծ է եղել Հիմնադրամի հաջողությունը՝ անկախ քաղաքական իրավիճակներից։ Անցած 27 տարում այլ բան չի ստեղծվել։ Դրա համար մեղավոր ենք ե՛ւ մենք՝ հայաստանցիներս, ե՛ւ Սփյուռքը։ Հիմա՝ այս փոփոխություններին զուգահեռ, երեւի ամենահարմար պահն է մտածելու վերպետական եւ վերկազմակերպական (նկատի ունեմ՝ ավանդականներին) հաղորդակցության հարթակների ստեղծման մասին, բայց նախ պետք է մանրամասնորեն ուսումնասիրել Սփյուռքը եւ գուցե խոստովանել, որ, այսպես շարունակելով՝ ձախողում ենք «հայապահպանություն» նախագիծը։

 

Լուսանկարը՝ Մխիթար Խաչատրյանի