Երեկ «Ազատություն» ռադիոկայանով տեսանյութ հեռարձակվեց Հայաստանը լքող և Կանադա տեղափոխվող շուրջ երկու տասնյակ սիրիահայերի մասին: Կանադա գնացող սիրիահայերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դժգոհում էին Հայաստանի կյանքից և հայտնում երկրում մնալու անկարելիության մասին: Տեսանյութը մեծ քննարկումների տեղիք է տվել: Վերջերս գործի դրված՝ «Սիրիահայերը լքում են Հայաստանը» արտահայտությունը մեկնաբանելու համար «Արևելքը» դիմեց «Սիրիական համայնքը՝ Հայաստանում» կազմակերպության փոխնախագահ Խաչիկ Ջոզիկյանին:
Նա նշեց, որ սիրիահայերի հոսքը՝ Կանադա, «Հայ տուն» ծրագիրը, որի միջոցով նրանք փոխադրվում են, նոր չէ, այն վաղուց գոյություն ունի, սակայն վերջերս ավելի է ակտիվացել, և Կանադա գնացողները հիմնականում մի պատճառաբանություն ունեն՝ «Գնանք Կանադա, ավելի լավ ապագա ապահովենք մեզ ու մեր զավակների համար»:
Սակայն, ըստ Խաչիկ Ջոզիկյանի, դա շատ վտանգավոր մտայնություն է. «Ժողովուրդը մոռանում է, որ որևէ երկիր գնալուց, օվկիանոս կտրելուց հետո, երբեք չես իմանում՝ ո՞ւր ես գնում, ինչպիսի՞ն են այդ երկրի պայմանները: Այնպես չէ, որ Կանադա գնալուց ամեն ինչ շատ հեշտությամբ է տրվում գնացողին: Այնտեղ էլ պետք է օրնիբուն աշխատել, ընդ որում՝ պետք է աշխատել ամբողջ ընտանիքով, որպեսզի կարողանալ հոգալ տարրական պայմանները: Իմ կարծիքով շատ վտանգավոր քայլ է այդպես խմբով հավաքվել-գնալը՝ առանց իմանալու այդ դժվարությունների մասին: Հայաստանն այսօր, իր դժվարություններով հանդերձ, ավելի ապահով վայր է մեզ համար, քան՝ Եւրոպան, Կանադան կամ որևէ այլ երկիր»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք հիմք չունեն սիրիահայերի դժգոհությունները՝ Հայաստանում, Խաչիկ Ջոզիկյանը պատասխանեց. «Մենք այսօր Հայաստանում, ըստ Սփյուռքի նախարարության ներկայացրած տվյալների, ունենք 12 հազար սիրիահայ: Ենթադրենք՝ 12 հազար չէ, 10 կամ 7 հազար է, բայց կարևորը մենք ունենք մի թիվ, որ արդեն հաստատված է Հայաստանում և այստեղի պայմաններին հարմարված ապրում է: Այսօր չենք կարող համեմատել Եւրոպան, Կանադան ու Հայաստանը: Ամեն ինչ հարաբերական է, կախված է նրանից, թե դո՞ւ ինչ ես անում տվյալ երկրում, ինչպիսի՞ն է քո նյութական հնարավորությունները: Բիզնե՞ս ես անում, թե՞ պարզապես ապրում ես: Չեմ կարող համեմատել աշխատող և չաշխատող սիրիահային: Ով որ այստեղ աշխատում է, գործ է դրել, քիչ թե շատ գոհ է, հարմարվել է այստեղի պայմաններին: Այստեղ տան վարձը էժան է, եթե գործ ունես՝ սնունդն էլ էժան է, դպրոցներն անվճար են, համալսարաններում սիրիահայ ուսանողների համար պայմաններ են ստեղծված, պետությունը մեզ՝ սիրիահայերիս անվճար բուժօգնություն է տրամադրել: Մենք լսում ենք, որ Կանադայում բուժօգնությունն անվճար է, բայց այստեղ էլ չորս տարի ոչ մի սիրիահայ վիրահատության համար գումար չի վճարել, անվճար է»,-մեկնաբանեց Խ. Ջոզիկյանը:
Այն, որ Կանադան իր դռներն է բացել սիրիացի փախստականների առջև, ըստ Խաչիկ Ջոզիկյանի, պետք չէ միանշանակ ընդունել, քանի որ աշխատանքի անցնելուց առաջ բոլոր մասնագետները պետք է հատուկ վերաքննությունների ենթարկվեն, նույնիսկ բժիշկները պետք է հատուկ արտոնագրեր ստանան, նոր միայն կարողանան աշխատել, ինչը, ըստ մեր զրուցակցի, տարիներ է տևելու: «Հաջորդ օրն աշխատանքի չեն անցնում, այդպես հեշտ չէ»,-նշեց նա:
Ըստ Խաչիկ Ջոզիկյանի, սիրիահայերը պետք է տեր կանգնեն 1980-ականներին սփյուռքում ստեղծված «Դեպի երկիր» կարգախոսին, և այսօր լավագույն ժամանակն է այն գործի դնելու: «Եթե մարդը կարողանում է այստեղ իր տարրական պայմանները ապահովել, իմաստ չունի այլ երկրներ գնալ, կրկնակի տարագիր դառնալ»:
Իսկ կվերադառնա՞ն պատերազմի ավարտից հետո սիրիահայերը՝ Սիրիա, հարցին Խաչիկ Ջոզիկյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ կգնան, որովհետև շատերի տները, գործատեղիները կան, բայց հնարավոր է նաև կապը պահեն Հայաստանի հետ, քանի նրանք նաև հետք են թողել այստեղ»: