image

Հայրենադարձ ընտանիքը ծրագրեր է իրականացնում ազատագրված տարածքներում

Հայրենադարձ ընտանիքը ծրագրեր է իրականացնում ազատագրված տարածքներում

1990-ական թվականներին բազմաթիվ հայ ընտանիքներ հեռացան Հայաստանից՝ լավ կյանքի ու իրենց երեխաների համար բարեկեցիկ ապագա կերտելու ակնկալիքով: Այդ ընտանիքների թվում էին Ստեփան Սարգսյանի և Նելլի Մարտիրոսյանի ընտանիքները, որոնք հաստատվեցին ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում: Եվ՛ Նելլին, և՛ Ստեփանը ԱՄՆ-ում որակյալ կրթություն ստանացան, բարեկեցիկ կյանքով էին ապրում, ունեին շատ հնարավորություններ, բայց միևնույնն է՝ ինչ-որ մի բան չէր համընկնում, ինչ-որ բան կիսատ էր: Երկուսն էլ, առանձին-առանձին, անթաքույց սեր ու կարոտ էին տածում հայրենիքի, մայր հողի հանդեպ և հոգու խորքում փայփայում էին անգին մի երազանք՝ վաղ, թե ուշ հայրենի հողում ապրելու, արարելու, հայրենիքը շենացնելու  երազանքը: Ի վերջո այդ երազանքը, հայրենիքի նկատմամբ մեծ նվիրումը միավորեց Ստեփանին ու Նելլիին: 17 և ավելի տարիներ ապրելով հայրենիքից հեռու՝ նրանց համար այդ երազանքը աստիճանաբար նպատակ դարձավ, ապա՝ իրականություն: Այսօր արդեն Ստեփանն ու Նելլին ամուսիններ են, ունեն հրաշք աղջնակ՝ Շուշին, որ շուտով 3 տարեկան կդառնա: Ինչպես նշում է Նելլին, փոքրիկ Շուշին ունի բազմաթիվ նախասիրություններ:

 

 


 

«Շուշին անչափ սիրում է կենդանիներին, բնությունը, ջուրը, սիրում է պարել։ Շատ շփվող երեխա է։ Սիրում է այլ երեխաների շրջապատում լինել և խաղալ։ Հիմա Շուշիի օրվա առաջին հատվածն անցնում է մանկապարտեզում։ Շատ է սիրել պարտեզը։ Գնում եմ տուն բերելու, չի ուզում գալ։ Շուշիին նաև շատ եմ տանում թատրոն. ամեն շաբաթ և կիրակի մենք պարտադիր գնում ենք տիկնիկային թատրոն։ Հայաստան տեղափոխվելուց հետո Երևանի պետական տիկնիկային թատրոնը եղել է Շուշիի զարգացման և աշխարհընկալման կարևոր հենակետերից մեկը»,- «Արևելք»-ի հետ զրույցում ասում է Նելլի Մարտիրոսյանը:

Մեր զրույցի ընթացքում նաև տեղեկանում ենք, որ Շուշին մեծ սեր ու համակրանք ունի հայ զինվորի նկատմամբ:

«Շուշիի հետ հաճախ ենք խոսում հայ զինվորից։ Այդ զրույցների արդյունքում նրա մոտ ձևավորվել է սեր դեպի հայ զինվորը։ Ամեն անգամ, երբ զինվոր է տեսնում փողոցում, ինձ ու ամուսնուս ստիպում է, որ նրան տանենք զինվորի մոտ և զինվորի հետ նկարենք»,- անթաքույց ժպիտով՝ հավելում է Նելլին:

Ստեփանի ու Նելլիի անսպառ հայրենասիրությունը մղեց վերջիններիս՝ դեռևս ԱՄՆ-ում կյանքի կոչել եւ հիմնադրել «Հայրենասեր» կազմակերպությունը՝ հստակ եւ ռեալ ընկալումներ ունենալով «հայրենասիրություն» եզրույթի վերաբերյալ:

«Հայրենասիրությունն ինձ համար նախևառաջ գործն է։ Հայրենասիրական ճառեր, բաժակաճառեր և բազմահատոր գրքեր կարող են գրվել, բայց այդ ամենը սին խոսքեր են, եթե դրանք չեն ուղեկցվում այդ խոսքերին համահունչ աշխատանքով։ Հետևաբար, ես հայրենասիրությունը կբնորոշեի որպես աշխատանք՝ ի նպաստ հայրենիքի։ Դա կարող է լինել գործողություն՝ ուղղված հայրենիքի զարգացմանը, շենացմանը, պաշտպանելուն, ծառայելուն և այլն»,- դեմքի վստահ արտահայտությամբ՝ ասում է Նելլին:

«Հայրենասեր»-ի գլխավոր նպատակն է Հայաստանի ազատագրված տարածքներում կրթական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի նաև սոցիալական և տնտեսական զարգացմանը Քաշաթաղում, Քարվաճառում և այլուր։ «Հայրենասեր»-ն իր կարճատեւ գոյության ընթացքում հասցրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրագործել: Կազմակերպության միջոցներով հիմնանորոգվել են Լեռնահովիտի և Վուրգավանի միջնակարգ դպրոցները: Վուրգավանում կառուցվել է նաև գյուղապետարան և բուժկետ: Իսկ Հերիկ գյուղի համար կառուցվել է նոր դպրոց: «Հայրենասեր»-ը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ևս լայնամասշտաբ օգնություն է ցուցաբերել՝ զինվորներին տրամադրելով անհրաժեշտ իրեր՝ անձնական հիգիենայի պարագաներ, շուրջ 630 քնապարկեր և այլն: Բացի այդ՝ կազմակերպությունը դրամական օժանդակություն է հատկացնում քառօրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին՝ միանվագ ամսական վճարումների տեսքով: 2017-ին ևս «Հայրենասեր»-ը պատրաստվում է նույն հաստատունությամբ առաջ շարժվել: Կազմակերպությունը կկառուցի նոր դպրոց՝ Քաշաթաղի Մուշ և Ալաշկերտ գյուղերի աշակերտների համար:

Վերջում անդրադառնալով հայրենիքի տեսլականին՝ Սարգսյանները հույս հայտնեցին, որ ապագայում ժողովրդի կյանքը տնտեսապես բարելավված կլինի գոնե այնքան, որ մարդիկ, կարիքից դրդված, չեն հեռանա հայրենիքից։ Եվ որ ամենակարևորն է՝ այլևս պատերազմ չի լինի, և հայ մայրը կդադարի ողբալ սահմանին նահատակված որդու կորուստը։

 

 

 Տաթեւիկ Մուրադյան