image

«Ես Ամուդայի վերջին հայն եմ»,-ասում է սիրիական քաղաքի բնակիչը

«Ես Ամուդայի վերջին հայն եմ»,-ասում է սիրիական քաղաքի բնակիչը

«Արևելքի»  աղբյուրներով՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող Ամուդա քաղաքում (Հասակեի շրջան) ընդամենը մեկ հայ ընտանիք է մնացել: Մենք կարողացանք գտնել  նրանց և կապ հաստատել Ամուդայի վերջին հայի՝ Գևորգ Մոշիկյանի հետ, ով սիրիական հյուսիսային այդ քաղաքում ապրում է քրոջ  և 85-ամյա մոր՝ Երանուհի Մկրտիչ Գրիգորյանի հետ: Հիմնականում քրդերով բնակեցված Ամուդա քաղաքում ժամանակին քրիստոնեական մեծ համայնք է եղել, այդ թվում՝ 300 հայ ընտանիք: Այսօր վեց քրիստոնյա ընտանիք է  մնացել, որից մեկը Մոշիկյանների երեք հոգանոց ընտանիքն է: Գևորգ Մոշիկյանն Ամուդայի գլխավոր գյուղատնտեսն է, միաժամանակ նրան է վստահվել կառավարական որոշ գործեր՝ թղթավարություն, ջրհորերի հսկողություն և այլն:


 

 

Մասնագիտութունը ստացել է Հալեպի համալսարանում՝ 1984-ին:  Ղամիշլիից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ամուդան Սիրիայի քչաթիվ քաղաքներից է, որ այսօր քիչ թե շատ ապահով է սիրիական պատերազմի վտանգներից: Քաղաքը գտնվում է սիրիական բանակի հսկողության տակ, իսկ Գևորգ Մոշիկյանն ասում է, որ քաղաքում քչաթիվ քրիստոնյանների անվտանգությունն ապահովված է քրդերի շնորհիվ: Ամուդայում 1950-ականներին նույնիսկ հայկական դպրոց է գործել, ուր հաճախել   է Գևորգը: Հայկական եկեղեցի էլ է գործել, որ Ամուդայի վեց քրիստոնեական եկեղեցիներից մեկն է եղել.  հայկական եկեղեցին,  անգործության մատնվելուց հետո, գնվել է  մի հայ ընտանիքի կողմից, իսկ հետո՝ վաճառվել: Եկեղեցին, ինչպես նաև հայկական դպրոցը, Ամուդայի քրիստոնեական  շատ այլ կառույցների պես  այսօր փլված են, ինչպես նշում է մեր զրուցակիցը, միայն երկու քրիստոնեական եկեղեցի կա, որոնց պահպանությունը Ղամիշլիի ավետարանական և կաթոլիկ համայնքներն են ստանձնել: 


 

Եկեղեցի՝ Ամուդայում

 

«Ժամանակին հայկական կյանք կար քաղաքում՝ եկեղեցական արարողություններ, դպրոց, հարսանիք, կնունք, իսկ այսօր ոչ մի հետք չի մնացել»,-ցավով է նշում Ամուդայի միակ հայ ընտանիքի անդամը: 



Մոշիկյանները

 

Մեր զրույցի ընթացքում Գևորգ Մոշիկյանն ասում է, որ  ինքն էլ, շատերի պես բազում հնարավորություն է ունեցել հեռանալ քաղաքից, չորս անգամ ԱՄՆ է գնացել, բայց նորից վերադարձել է,  չի կարողանում  լքել իր ծննդավայրը,  որի հողին ու ջրին է սովորել, մյուս կողմից էլ ծեր մոր խնամքն է ստանձնել:



Գևորգ Մոշիկյանի մայրը՝ Երանուհի Մկրտիչ Գրիգորյանը

 

«Մայրս խոսում է հայերեն ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն, բայց արդեն ծերության հիվանդություններ ունի:  Հայրս՝ Ղազար Մոշիկյանը 2010-ին մահացավ»,-ասում է 57-ամյա հայ գյուղատնտեսը:



Գևորգ Մոշիկյանի ծնողները


Չնայած Ամուդայում պատերազմական գործողություններ չեն ընթանում, բայց քաղաքի շրջակա մյուս բնակավայրերի անապահով վիճակը մշտական լարվածության մեջ է պահում Ամուդայի բնակիչներին: «Ղամիշլիում անցյալ շաբաթվա պայթյունը, որին նաև հայեր զոհ գնացին, ցնցեց մեզ, մեջները ծանոթներ կային, շատ ցավալի էր: Երբեք չես իմանա ինչ կկատարվի մեր քաղաքի հետ: Պատերազմը դժվարացրել է քաղաքի կյանքը, երեկոները դուրս չենք  գալիս տնից, քաղաքից ընդհանրապես դուրս եկող չկա: Մինչև պատերազմը ես լավ էի վաստակում՝  մոտ 700 դոլար, իսկ այսօր ընդամենը 100 ԱՄՆ դոլար եմ ստանում իմ աշխատանքի դիմաց»,- ասում է Գևորգ Մոշիկյանը,  նշելով, որ չնչին այդ գումարը չի հերիքում, ստիպված քույրն էլ քաղաքի հիվանդանոցում խնամակալ է աշխատում:

 

Մոշիկյանների տունը


Ամուդայի բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, վճարումներ են կատարում ամեն ինչի համար՝ ջրի, էլեկտրականության, մյուս ծառայությունների, չնայած էլեկտրականությունը շուրջօրյա չէ, բայց ամսական 5000 սիրիական լիրա են վճարում:

Մեր զրույցի ընթացքում Գևորգ Մոշիկյանը  հիշում է Հայաստանի իր ազգականներին՝ Մոշիկյաններին, որոնցից 20  տարի է՝ ոչ մի լուր չունի…

«Աշխարհի բոլոր քաղաքներում անպայման մի հայ պիտի լինի. ես Ամուդայի վերջին հայն եմ»,-մաքուր հայերենով ասում է Գևորգ Մոշիկյանը: