«Լե Մոնդ» օրաթերթը հոդված է պատրաստել ֆրանսիացի հայուհու` Էլիզ Պողոսյանի մասին, նրան անվանելով հրաշագործուհի, ով օգնում է բազում կարիքավորների և ոտքի կանգնեցնում հավատը կորցրած մարդկանց` նրանց տանելով ապրելու և հույսի ճանապարհով: Էլիզ Պողոսյանն ասել է, որ մարդկանց օգնելը իր ողջ կյանքի երազանքն է եղել, միշտ օգնել է մարդկանց, իսկ այժմ, ներկա պատերազմող աշխարհում հնարավորություն ունի ավելի շատ մարդկանց օժանդակելու` ովքեր կորցրել են առողջությունը:
«Բժշկակական գիտություններ թեկնածու Էլիզ Պողոսյանը հայ գաղթականի թոռնուհի է, իր պապերի և տատերի պատմությունները նրան մղել են ձեռք բերել օգտակար մասնագիտություն, որը նա ի սպաս է դնում Սիրիայի և Իրաքի քաղաքացիական պատերազմի վիրավորներին օգնելու համար: Նա արժանանում է մեծ գնահատանքի,-գրում է «Լե Մոնդը», մեջբերելով ֆրանսիացի հայուհու խոսքերը, որով նա իր երախտագիտությունն է հայտնում Մերձավոր Արևելքի բոլոր այն ժողովուրդներին, ովքեր 1915 թվականից թվականից հետո հյուրընկալել են գաղթականության ճանապարհը բռնած հայերին, իսկ այսօր իրենք ունեն այդ օգնության կարիքը:
Էլիզ Պողոսյանը ասեղնաբուժության մասնագետ է: Ասեղաբուժությամբ, ինչպես գրում է «Լե Մոնդը», 2002-ին զբաղվել է նաև Լեռնային Ղարաբաղում, 2013-ին, Հորդանանի և Սիրայի սահման է այցելել, ուր գտնվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ գաղթակայանը և օգնել հազարավոր վիրավորների: Այսօր նա այդ գործն է անում Սիրիայում և իրաքյան Քուրդիստանում: Հազարավոր մարդիկ հերթ են կանգնում շարժական խցիկի առջև, որով Էլիզը տեղաշարժվում է Սիրիայում և Իրաքում և անվճար օգնում պատերազմի սարսափը տեսած մարդկանց:
Խցիկում 10000 ասեղներով ժամանակակից առողջապահական միջոցներ են, որոնք նա գործածում է թե որպես առաջին բուժօգնություն և նաև` հետագայում ստացված վերքերը ասեղներով դարմանելու համար: Ֆրանսահայ բժշկուհին չինական ժողովրդական բժշկություն է սովորել Նանկինի համալսարանում, իսկ այնուհետև մասնագիտացել է Վիետնամում` Հանոյի ասեղնաբուժության ազգային հիմնարկի ղեկավար, պրոֆեսոր Նկույեն Թայ Թհուի մոտ:
Մերձավոր Արևելքում, գործելով ռումբերի և կրակոցների տարափի ներքո, Էլիզ Պողոսյանը նաև տեղացի մասնագետների խմբեր է պատրաստում, ովքեր առաջին բուժօգնությունն են ցույց տալիս պատերազմից տուժածներին:«Որոշ վայրերում նա շրջում է այլ բժիշկների հետ, որովհետև հնարավոր չէ միայնակ հասնել բոլոր այն կարիքավորներին, ովքեր երիտասարդ այս կնոջ կարիքն ունեն»,-նշում է ֆրանսիական թերթը:
«Ասեղնաբուժությամբ հնարավոր է և' ցավազրկում կատարել և' նաև բուժել բազմաթիվ հիվանդություններ` նյարդային համակարգից մինչև շարժողական»,-թերթին ասել է Էլիզ Պողոսյանը, նշելով, որ երջանիկ է, քանի որ գտել է իր կյանքի իմաստը:
Անուշ Թրվանց