image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Արտաքին գործերի նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ Արտաքին գործերի նախարարին

13 hունիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

 

Նորին Սրբությունը նշանակման առիթով շնորհավորեց նախարարին և մաղթեց Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի նա կարողանա աշխարհի ներկա բարդ և դժվարին ժամանակներում հայրենիքի շահերը լավագույնս պաշտպանել և երկրի համար դրական արդյունքներ արձանագրել:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես քայլել է ազգի հետ, առաջնորդել նրան և պատմության ընթացքում զորավիգ է եղել հայրենի պետությանը, իսկ պետականության բացակայության պայմաններում հայորդիների մեջ վառ է պահել անկախ պետականությունը վերականգնելու նախանձախնդրությունը:

 

Վեհափառ Հայրապետն արձանագրեց նաև, որ պետականությունն է ազգի հարատևության երաշխավորը և Հայոց Եկեղեցին, հավատարիմ հայրերի այս պատգամին, պիտի շարունակ նեցուկ լինի հայրենի պետությանը, որպեսզի այն լինի բարվոք և զորավոր:

 

Պրն. Զոհրաբ Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետի բարեմաղթանքների և աղոթքների համար, ընդգծեց, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը մեծ պատասխանատվություն և պարտավորություն է ենթադրում:

 

Վերջինս անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու պատմական առաքելությանը և ազգային միասնականության ամրապնդման գործում կարևոր դերակատարությանը` քրիստոնեական հավատը նկատելով ազգային ինքնության պահպանման սյուներից մեկը:

 

Զրույցի ընթացքում խոսվեց տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև հայրենիքի առջև ծառացած զանազան մարտահրավերների մասին:

 

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: