Խաղաղութեան պայմանագրի շուրջ ընթացող բանակցութիւնները կ'ընթանան մեր երկրի շահերու պաշտպանութեան սկզբունքերու շուրջ։ Այս մասին ԱԺ-ի մէջ լրագրղներու հետ զրոյցի ժամանակ ըսած է ԱԺ իշխող խմբակցութեան պատգամաւոր, Պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը։
Անդրադառնալով Պաշտպանութեան նախարարութեան նոր նախագիծին, որով կ'առաջարկուի 24 միլիոն դրամի դիմաց ծառայել ընդամէնը 4․5 ամիս, Քոչարեան ըսած է․
«Պէտք է նայել, թէ ինչպէս են երկրները հասել պրոֆեսիոնալ (մասնագիտացուած) բանակին, ինչ ճանապարհ են անցնել։ Այս նախագծի հիմքում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու գաղափարն է դրուած, եթէ գաղափարը հանում էք, այն դառնում է 24 մլն-ի նախագիծ, բայց ընդհանուր առմամբ չկայ 24 մլն-ի օրինագիծ, կայ պրոֆեսիոնալ բանակի անցման փաթեթ։ 24 մլն վճարելը զօրակոչիկին չի ազատում հետագայ պատասխանատւութիւնից, նա դուրս է գալիս զօրակոչի այդ ընթացքից, բայց մշտապէս մնում է մեր պահեստազօրի կազմում»։
Անդրանիկ Քոչարեան, անդրադառնալով նախագծի շուրջ առաջացած քննադատութիւններուն՝ ըսած է, որ նախագիծին մէջ պահպանուած է ընկերային արդարութիւնը։
«24 մլն ունեցողը 4․5 ամիս ծառայում է, իսկ 7․5 ամիս յետոյ գալու է ուսումնական վարժանքների ամէն տարի։ Աղքատ, հարուստ բաժանում պէտք չէ անել, հիմա նշանակում է, որ մեր բանակը աղքատների բանակ է եղե՞լ շարունակաբար։ Այս անտարբերութեան մթնոլորտում կորցրել ենք սպայակազմը, լաւագոյն սպայակազմը ծերացաւ, մահացաւ ու չթարմացուեց», -ըսած է Անդրանիկ Քոչարեան։