Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կօգնի երկրում գտնվող մեկ միլիոն սիրիացի փախստականի՝ կամավոր վերադառնալու իրենց հայրենիք՝ Սիրիա: «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ ծրագիրն իրականացվելու է թուրքական եւ միջազգային հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։
Իդլիբում տեղահանվածների համար թուրքական 12 հասարակական կազմակերպությունների ջանքերով կառուցված տների շահագործման հանձնման արարողության մասնակիցներին Էրդողանը հայտնել է, որ տները կառուցվել են 250 առանձին տարածքներում եւ կօգնեն մեղացնելու այն սիրիացիների կյանքի պայմանները, որոնք Սիրիայի հյուսիսում գտնվող անվտանգության գոտիներում են հանգրվանել երկար ժամանակ:
Էրդողանի խոսքով՝ ընդհանուր առմամբ նախատեսվում էր կառուցել 77 հազար տուն, որոնցից 57306-ի շինարարությունն արդեն ավարտված է։
Նա նշել է, որ շահագործման հանձնված տներում արդեն տեղավորվել է մինչեւ 50 հազար ընտանիք։ Էրդողանը վստահեցրել է, որ նման տների թիվը ապագայում կկազմի 100.000, ինչը թույլ կտա 100.000 սիրիացի ընտանիքի՝ բնակվելու տեղ ունենալ: