««Թաւշեայ» քաղաքական հետապնդման տակ եմ»․ Դաւիթ Տօնոյեանը յայտարարութիւն տարածած է

 ««Թաւշեայ» քաղաքական հետապնդման տակ եմ»․ Դաւիթ Տօնոյեանը յայտարարութիւն տարածած է

ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեան բացի դատարանին մէջ գտնուող քրէական գործէն, իր իրաւունքներու պաշտպանութեան համար մտադիր է նաեւ նոր քրէադատավարական կարգաւորումներով քրէական վարոյթ նախաձեռնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել: Այս մասին ան յայտարարութիւն տարածած է։

Յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, նշուած է.

«ՀՀ նախագահի կողմից 01.08.2022թ. ստորագրուեց եւ 13․08․2022թ. ուժի մէջ կը մտնի «Պաշտպանութեան մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարեու մասին» ՀՀ օրէնքը, որում ի թիւս այլնի, որպէս նախկինում բացակայող օրէնսդրական կարգաւորում, սահմանուել է ՀՀ կառավարութեան կողմից սպառազինութեան, ռազմական տեխնիկայի եւ ռազմական նշանակութեան այլ նիւթատեխնիկական միջոցների կուտակման, շահագործման (ծախսերի) նորմաների եւ շահագործման ժամկէտների սահմանման, ինչպէս նաեւ ՀՀ գլխաւոր շտաբի պետի առաջարկի հիման վրայ ՀՀ պաշտպանութեան նախարարի կողմից սպառազինութեան, ռազմական տեխնիկայի եւ այլ նիւթատեխնիկական միջոցների կուտակման եւ շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկէտների հաստատման կարգերը:

Ինձ եւ  քրէական գործով անցնող միւս անձանց մեղադրանքներ են առաջադրուել այն բանի համար, որ 2018 թուականի դեկտեմբեր ամսին, տեղեակ լինելով ձեռք բերուող հրթիռների մատակարարման պահին  ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինութեան պետի թիւ 296 առ 06.02.1999 թուականի հրահանգի համաձայն օրացոյցային ժամկէտներն անցած լինելու մասին․․․․  ձեռնամուխ ենք եղել պահանջուող նորմերին չհամապատասխանող  հրթիռների ձեռք բերմանը։

ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխաւոր դատախազութեանը, մասնաւորապէս՝ ԱԱԾ պետին եւ քննչական դեպարտամենտի (բաժանմունքի) պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխաւոր դատախազին եւ իր տեղակալին  անգամ նախաքննութեան ընթացքում իրենց իսկ  կողմից գործընկեր երկրի յատուկ ծառայութեանը կատարուած հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թուականի դրութեամբ հրթիռների պահպանման եւ շահագործման  ժամկէտների մէջ լինելը, որի վերաբերեալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաեւ ՀՀ վարչապետին: Նշուածի հաշուառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրուած մեղադրանքը պահպանել։

Պարզաբանման կարգով նշեմ, որ ցանկացած պետութիւն պարտաւոր է իրականացնել  իր իսկ սպառազինութեան մէջ գտնուող զինամթերքի պահպանման եւ շահագործման պայմանների եւ ժամկէտների վերաբերեալ իրաւական ակտերի ընդունում։ Վերջիններիս բացակայութեան դէպքում «սովորոյթի ուժով» ընդունուած է առաջնորդուել արտադրող երկրում գործող իրաւական կարգաւորումներով, որոնք պէտք է ընդունուեն նորմատիւ ակտով /հրաման/ ՀՀ-ի կողմից, ինչը տուեալ դէպքում կատարուած չի էլ եղել:

Եթէ հարց է առաջանում՝ ինչու վերոյիշեալը չէր արւում 30 տարիների ընթացքում, ապա նշեմ, որ ՀՀ-ում չկան ստանդարտաւորման (օրինաչափական կարգաւորման), մետրոլոգիական (չափաբանական) եւ արդիւնաբերական  կարողութիւններ՝ «Պաշտպանութեան մասին» ՀՀ օրէնքի փոփոխութիւններով եւ լրացումներով սահմանուած ինքնուրոյն որոշելու հրթիռների պահպանման ժամկէտները, իսկ նշուածը օրինական կատարելու համար, անգամ վերոյիշեալ կարգաւորումների ընդունումից յետոյ, կրկին յղումներ են արուելու զինամթերքն արտադրող երկրների նորմատիւների վրայ կամ դրանք կրկնօրինակուելու են:

Օրէնսդրական անկատարութիւնը կամ ոչ լիարժէքութիւնը ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում փորձ է արւել շտկել յանձնաժողովների ձեւաւորման միջոցով, որոնցից մէկի կողմից կատարուած համապատասխան աշխատանքների արդիւնքում էլ 2016 թուականին ՀՀ պաշտպանութեան նախարարի հրամանով նոյն տիպի հրթիռների պահպանման եւ շահագործման ժամկէտը երկարացուել է  եւս 10 տարով:

Որքանո՞վ են «Պաշտպանութեան մասին» ՀՀ օրէնքում տեղ գտած  նոր իրաւական կարգաւորումները եւ մնացած փաստերը վերաբերում ինձ առաջադրուած մեղադրանքին, երբ հրթիռների ձեռք բերման ժամանակահատուածում ՀՀ-ում չի եղել հրթիռների պահպանման ժամկէտները սահմանող որեւէ իրաւական ակտ: Տուեալ դէպքում կիրառուող անալոգիայի (հանգամանքի նմանութեան) հիմք է ընդունուել արտադրող երկրի կողմից սահմանուած կարգաւորումը՝ հրթիռների պահպանման ժամկէտը 30 տարի սահմանոխած լինելու մասին, ինչպէս նաեւ ՀՀ պաշտպանութեան նախարարի 2016թ. հրամանով նոյն տեսակի հրթիռների ժամկէտների երկարացման նախադէպային պրակտիկան (փորձը):

Վերոնշեալին գումարւում է նաեւ փաստացի նուիրաբերուած հրթիռների դիմաց ոչ մի լումա չտրամադրելու փաստը եւ նման պայմաններում ինձ վատնման մէջ մեղադրելը, ինչպէս նաեւ 10 ամսուայ ընթացքում ընդամէնը 2․5 ժամանոց 8 դատական նիստ անցկացնելը, ընդ որում վերջին 4 ամսուայ ընթացքում ընդհանրապէս դատական նիստեր չեն կայացել։

Ի՞նչ է սա, եթէ ոչ  քրէադատավարական փաթեթաւորմամբ «թաւշեայ» քաղաքական հետապնդում․․․

Վերջում ցանկանում եմ նշել, որ, բացի դատարանում գտնուող քրէական գործից, իմ իրաւունքների պաշտպանութեան համար մտադիր եմ նաեւ նոր քրէադատավարական կարգաւորումներով քրէական վարոյթ նախաձեռնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել»։