Լեռնային Ղարաբաղի մէջ մարդասիրական ճգնաժամի պայմաններու մէջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին աջակցութեան կառավարման աշխատանքային խումբի որոշմամբ երէկ 361 թոն մարդասիրական օգնութիւն ուղարկուած է Լեռնային Ղարաբաղ, 19 բեռնատար մեքենաներով։ Այս մասին կառավարութեան նիստին ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեան։
«Հումանիտար օգնութիւնը երէկ հասել է Սիւնիքի մարզի Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի մուտքի հատուած։ Մենք խնդել ենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայուած խաղաղապահ զօրախմբի ներկայացուցիչները ընդունեն բեռը եւ տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակուած լինելու հետեւանքով հումանիտար ճգնաժամ է հաստատուած։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցքի հատուած, այս գործելակերպը անհասկանալի է եւ անընդունելի։ Լաչինի միջանցքը ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանութիւնն այն է, թէ իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով։ Սա, ի հարկէ, անհեթեթ պնդում է, բայց այն օգտագործւում է որպէս պատրուակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար», -ըսած է ան:
Փաշինեան ներկայացուցած է Լեռնային Ղարաբաղ ուղարկուած բեռներու պարունակութիւնը։
«Ալիւր՝ 100 տոննա, մակարոնեղէն՝ 80 տ, շաքարաւազ՝ 60 տ, բուսական իւղ՝ 40 տ, կաթի փոշի՝ 40 տ, աղ՝ 20 տ, մանկական կեր՝ 12 տ, դեղորայք՝ 9 տ։ Երեւանից շարժուելուց առաջ ՀՀ-ում հաւատարմագրուած օտարերկրեայ դիւանագէտները հրաւիրուել ու ծանօթացել են այդ բեռնատարների պարունակութեանը։ Այդ դէպքում ինչո՞ւ Ադրբեջանը թոյլ չի տալիս այդ բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Մի՞թէ ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանութեան ենթարկելը։ Անկախ մեր գնահատակններից մենք սպասում ենք ռուսական խաղաղապահ զօրախմբի, պաշտօնական Բաքուի դրական արձագանգին, որովհետեւ հումանիտար բեռների մուտքը թոյլ չտալը կը հաստատի Լեռնային Ղարաբաղում ցեղասպանութիւն իրականցնելու Բաքուի մտադրութիւնը։ Լաչինի միջանցքի մօտ սպասող բեռների մուտքը կը նպաստի տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու ջանքերին, դրական քայլ կը լինի վստահութեան մթնոլորտի հաստատման ճանապարհին»,- կառավարութեան նիստին ըսած է Նիկոլ Փաշինեան։