Նիկոլ Փաշինեանին, իր գործընկեր Ալիեւին, Թուրքիոյ, ինչու չէ, նաեւ Ռուսիոյ պիտի չյաջողուի փակել Արցախի էջը: Այս մասին Aysor.am-ին տուած հարցազրոյցին նշած է ՀՀ նախագահի յատուկ յանձնարարութիւններով նախկին դեսպան Դաւիթ Շահնազարեանը:
«Ինչ վերաբերում է Միւնխենեան կոնֆերանսին, ես այնտեղ Հայաստանի շահերը ներկայացնող չտեսայ: Աւելին, Ադրբեջանի բոլոր մեղադրանքներն ընդունուեցին: Այն քաղաքականութիւնը, որ այսօր տարւում է, եւ գրեթէ ողջ քաղաքական էլիտան դրա հետ համաձայն է, կործանարար քաղաքականութիւն է: Օրինակ, Ալիեւը մեղադրում է Հայաստանին օկուպացիայի մէջ, ագրեսիայի մէջ եւ պատասխան չի ստանում, Հայաստան պետութեան դե ֆակտո ղեկավարը չի նշում, որ պատերազմ սկսել է Ադրբեջանը, դրա ապացոյցները չի բերում, գուցէ չգիտի էլ: Եթէ խաղաղութիւնը այս վիճակում հաստատուի, յուսամ դա չի լինի, ապա դրանից յետոյ սկսուելու է Ադրբեջանի կողմից ռեպարացիաների պահանջ, իսկ ՀՀ իշխանութիւնը դա ընդունում է»,-ըսած է ան:
Շահնազարեանի խօսքով, Ատրպէյճանի բոլոր փաստարկները այնտեղ ընդունուեցան. «Հայաստանի ղեկավարն ասում է՝ դուք վրէժի քաղաքականութիւն էք տանում: Այսինքն այն, ինչ դուք ասում էք, ճիշդ էք ասում, բայց հիմա վրէժ էք ուզում լուծել: Հիմա շատ ծանր փուլում ենք, եւ այն օրակարգերը, որ կայ Թուրքիայում եւ Ադրբեջանում, մեր պետութեան կործանման բոլոր յատկանիշներն են պարունակում»,-ընդգծած է Շահնազարեանը:
Անդրադառնալով Մինսքի խումբի ձեւաչափին, Շահնազարեանը նկատած է, որ թէ Ատրպէյճանը, թէ Թուրքիան մշտապէս դէմ եղած են այդ ձեւաչափին. «Հետագայում նոյնը արեց Հայաստանի գործող իշխանութիւնը: Այդքան հանդիպում եղաւ Ալիեւի հետ մինչեւ պատերազմը, ոչ մէկը չի եղել Մինսկի խմբի շրջանակներում: Հետագայում այդ մասին պաշտօնապէս յայտարարեց Ռուսաստանը, որ ինքը դէմ է Մինսկի խմբին:
Մենք այսօր տանում ենք քաղաքականութիւնը, որը բխում է մեր թշնամիների շահերից: Պէտք չէ մեծ քաղաքագէտ լինել հասկանալու համար, որ այն, ինչ հնչում է Ադրբեջանից ու Թուրքիայից, բացայայտ թշնամական է եւ ասւում է, որ Հայաստան պետութիւն պէտք է գոյութիւն չունենայ: Այդ ուղիով շարժւում է նաեւ ՀՀ իշխանութիւնը՝ բաւարարելով նրանց պահանջները»:
Նախկին դեսպանը յայտարարած է, որ իրականութեան մէջ Արցախն է Հայաստանի անվտանգութեան երաշխաւորը. «Այսօր միանգամայն պարզ է, որ Ռուսաստանը դէմ է Մինսկի խմբին, բայց Հայաստանի իշխանութիւնը այդ ձեւաչափի օգտին ոչ մի ջանք չի գործադրում: Քանի Արցախի հարցը չի լուծուել, այստեղ խաղաղութիւն չի կարող լինել: Ոչ մի խաղաղութեան փաստաթուղթ երաշխիք չի կարող լինել:
Պէտք չի այսօր արհեստականօրէն էլ աւելի վատացնել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, բայց պէտք է յստակ հասկանալ, որ ՌԴ-ն այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակիցն է: Այս երեք երկրներն ունեն նոյն ծրագիրը՝ միջանցքներ եւ Սիւնիքի կտրելը Հայաստանից, ինչը նրանք, ըստ էութեան, չեն թաքցնում:
Այնքան Թուրքիան չի վտանգաւոր, որքան ռուս-թուրքական համատեղ քաղաքականութիւնը, որ նրանք համատեղ տանում են մեր տարածաշրջանում եւ մեր հանդէպ: Եթէ սա աւարտին հասցուի, ապա դա կը լինի 1921-ի Լենին-Աթաթուրք դաշինքի երկրորդ մասը: Վերջերս տեսաք, որ Ռուսաստանի մի պաշտօնեայ Բաքուից մեզ սպառնաց, որ դուք կարող էք պետութիւն կորցնել: Այս վիճակում ի՞նչ պէտք է անել: Ամենալուրջ խնդիրն այն է, որ պայքար չկայ, ինչը բերելու է կործանման: Եթէ պայքար չկայ, դու չես ունենայ ոչ բարեկամ, ոչ դաշնակից»,-ընդգծած է Շահնազարեանը: