2026-ի սեպտեմբերի 1-ից յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500,000 դրամ։ Իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում մինչև վեց տարեկանը լրացուցիչ ամսական 50,000 դրամ աջակցություն կտրվի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է կառավարության՝ նոյեմբերի 20-ի նիստին։
Գործող օրենքով ընտանիքում ծնված առաջին և երկրորդ երեխայի համար տրվում է 300,000 դրամ, 1,000,000 դրամ՝ երրորդ և չորրորդ երեխայի համար, 1,500,000 դրամ՝ հինգերորդ և հաջորդ երեխաների համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս նախագիծը միտված է ընտանիքի աջակցության և ժողովրդագրական խնդիրների լուծմանը։
«Առաջարկում ենք այս աջակցության ծրագիրը վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ, այսինքն երրորդ և հաջորդ երեխային 50,000 դրամի չափով մինչև վեց տարեկան», – հայտարարեց Թորոսյանը։
Նախարարը հավելեց, որ այս ծրագրի դեպքում ևս գործելու է 20% հետվճարի մեխանիզմը, որը հունվարի մեկից կմտնի ուժի մեջ։ Այսինքն անկանխիկ վճարում կատարելու դեպքում ընտանիքը հավելյալ 10,000 դրամ կստանա։
Նախարարի խոսքով՝ վեց տարում մեկ երեխային տրվող գումարային նպաստը կկազմի մոտավորապես 4,320,000 դրամ։