image

Ռուբէն Վարդանեան պատասխանած է Ալիեւին

Ռուբէն Վարդանեան պատասխանած է Ալիեւին

Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեան մեկնաբանած է Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնները։

«Ֆէյսպուք»ի իր էջին վրայ ան գրած է հետեւեալը.

«Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Արցախի հետ ուղիղ երկխօսութիւն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պէտք է սուբյեկտ (ենթակայ) լինի: Ողջունում եմ նաեւ միջազգային միջնորդութեամբ ուղիղ բանակցութիւնների նոր ձեւաչափի ստեղծումը: Միջազգային միջնորդների շարքում, ի թիւս Ռուսաստանի եւ ԱՄՆի, անպայման պէտք է ընդգրկուած լինի Ֆրանսիան, որի սենատի՝ օրեր առաջ ընդունած բանաձեւում կէտ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին: Յիշեցնեմ, որ Ֆրանսիան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է:

Կ՛ուզենայի նաեւ առաջարկել անցնել աւելի կառուցողական տոնի (եղանակի) եւ պարզաբանումներ ստանալ, թէ որն է, ըստ պարոն Ալիեւի, իբրեւ թէ իմ ունեցած «յստակ օրակարգը»: Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանեան քաղաքացիութիւնից հրաժարուել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թէ կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիեւի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում եւ ցանկանում է ապրել այնտեղ:

Պատերազմը միշտ պատերազմ է բերում: Երբեմն դա տեղի է ունենում անգամ մի քանի սերունդ անց: Այսօր ագրեսիան (յարձակումը) դանդաղ գործողութեան ռումբ է՝ մեր երկու ժողովուրդների ապագայ սերունդների համար: Դա նշանակում է, որ երկու կողմերի առաջնորդները պէտք է ստանձնեն ողջ պատասխանատուութիւնը, եւ որքան էլ դժուար լինի, նստեն բանակցութիւնների սեղանի շուրջ ու դադարեցնեն արիւնահեղութիւնը»: