Ատրպէյճանի պետական անվտանգութեան ծառայութիւնը հաստատած է Արցախի նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանի ձերբակալման մասին տեղեկութիւնը։
Նշենք, որ անոր կինը՝ Վերոնիքա Զոնապենտը, հանդէս եկած է յայտարարութեամբ՝ յայտնելով Վարդանեանի ձերբակալման մասին:
«Այսօր առաւօտեան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետութեան նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, ձերբակալուել եւ գերեվարուել է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից սահմանին, երբ ադրբեջանական օկուպացիայից փախնող հազարաւոր այլ հայերի հետ փորձում էր հեռանալ Արցախից: Շրջափակման տասը ամսուայ ընթացքում Ռուբէնն ուս ուսի տուած կանգնել է արցախցիների կողքին, տարել դժուարութիւնները, նրանց հետ գոյատեւման պայքար մղել։ Աղօթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակուի եւ հայցում եմ ձեր աջակցութիւնը»,- ըսուած է յայտարարութեան մէջ: