Արագածոտնի թեմի 6 հոգևորականի և Մկրտիչ սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո: Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը հայտնի չէ:
«Խուզարկություն է իրականացվել, խուզարկություն իրականացրած քննիչի հետ Մկրտիչ սրբազանը դուրս է եկել՝ հավանաբար որպեսզի բերվի նախաքննական մարմին, բայց մինչ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ»,- լրագրողներին հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը:
Հոկտեմբերի 15-ին իրավապաշտպաններն ժամանել են Քննչական կոմիտեի վարչական շենք՝ Մկրտիչ սրբազան Պռոշյանի շահերի պաշտպանության նպատակով։ Սակայն ժամեր շարունակ նրանց չի հաջողվել որևէ տեղեկատվություն ստանալ սրբազանի գտնվելու վայրի վերաբերյալ։
Փաստաբանական խմբի անդամները լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ չնայած ներկայացրել են ներգրավման դիմում և տեղեկացրել Քննչական կոմիտեին իրենց ներկայության մասին, այդուհանդերձ չեն կարողացել մուտք գործել ոչ միայն վարույթն իրականացնող ստորաբաժանում, այլ նույնիսկ ընդհանուր բաժին։
Փաստաբանները նաև տեղեկացրել են, որ հոգևորականները, որոնք բերման են ենթարկվել, պաշտոնապես ունեն վկայի կարգավիճակ, և նրանց հանձնվել են համապատասխան ծանուցագրեր՝ երեք օրվա ժամկետով հարցաքննության ներկայանալու պահանջով։ Սակայն փաստաբանական խումբը պնդում է, որ որոշ հոգևորականներ բերման են ենթարկվել հարկադրանքով, իրենց կամքին հակառակ, ինչը, ըստ նրանց, հարցեր է առաջացնում գործընթացի իրավաչափության վերաբերյալ։
«Բերման ենթարկված հոգևորականները դեռ չեն հարցաքննվել, նրանք ցանկություն են հայտնել փաստաբանի ներկայությամբ հարցաքննվել»- հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը: