Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի կողմէ մանթատ չենք ստացած՝ իրենց ապագան բանակցելու համար, ըստ այդմ, մենք իրաւունք չունինք որոշելու անոնց կարգավիճակը, մենք այդպիսի յաւակնութիւն չենք ներկայացուցած եւ չենք ալ փորձեր այդպիսի բան ընել։ Այս մասին Ազգային Ժողովէն ներս 2022 թուականի պիւտճէի կատարողականի զեկուցման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի հարցին, ըսած է Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեանը։
«Միակ բանը, որ մենք փորձում ենք անել ՀՀ-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում, հետեւեալն է․ մենք համարում ենք, որ այդ կարգաւորումը իրատեսական ու ամբողջական չի կարող լինել, եթէ այդ կարգաւորման շրջանակներում չի ստեղծւում երկխօսութեան մի մեխանիզմ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւ պաշտօնական Բաքուն կարող են երկխօսել։ Որեւէ մէկը չի ժխտում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան եւ իրաւունքների հետ կապուած կան բազմաթիւ հարցեր, դրա մասին են վկայում բլոկադան, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն ու այլ հարցեր։ Դրանք պէտք է քննարկուեն ու հասցէագրուեն, ո՛չ մեր կողմից, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրուած մարմինների ու լիազօր ինստիտուտների կողմից»,-ըսած է Միրզոյեանը։
Արթուր Խաչատրեանի այն հարցին՝ արդեօ՞ք ստացած են Արցախի Հանրապետութեան իշխանութիւններու լիազօրութիւնը՝ Արցախի նկատմամբ վերահաստատելու Ատրպէյճանի գերիշխանութիւնը, նախարարն ըսած է․
«Լեռնային Ղարաբաղի ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ նրանց ընտրած իշխանութիւնները չեն լիազօրել մեզ բանակցել իրենց կարգավիճակի շուրջ ու մենք չենք էլ բանակցում այդ կարգավիճակի շուրջ։ ՀՀ-ն ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը»։