Յառաջիկայ շաբաթ մենք կը փոխենք մարտավարութիւնը եւ ամբողջ քաղաքը ոտքի կը կանգնի: Մենք այդպիսի ներուժ ունինք։ Այս մասին Մայիս 14-ին մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխօսնակ, ընդդիմադիր՝ Իշխան Սաղաթէլեան:
«Ի՞նչ է պէտք ներկայիս իշխանութեան հեռացնելու համար: Դրան կարելի է հասնել հանրային ճնշման միջոցով, որպէսզի պետական վարչամեքենան չկարողանայ լիարժէք սպասարկել Փաշինեանին։ Պէտք է մեծացնել հանրային պահանջարկի ծաւալը: Իշխանութիւնները հոգեվարքի մէջ են, ամօթալի մարտավարութիւն են կիրառում: 2020 թ. Նոյեմբերի 9-ի գիշերային իրադարձութիւնների հիմքով մարդիկ կանչւում են հարցաքննութեան, ճնշումներ են գործադրում, տարբերակուած մօտեցում են կիրառւում ընդդիմութեան եւ նրանց համախոհների գործողութիւնների նկատմամբ։ Մենք հումորով ենք վերաբերւում լուրերին, թէ ուզում են մեզ մանտաթից զրկել: Մանտաթը մեզ տուել է ժողովուրդը, ժողովուրդը հիմա փողոցում է, մենք էլ ենք փողոցում, այնտեղ սպասարկում ենք իր շահերը։ Եթէ պէտք լինի լինել խորհրդարանում՝ ժողովրդի շահերը սպասարկելու համար, ապա մենք այնտեղ կը լինենք, բայց՝ միայն մեր օրակարգով։ Մենք պէտք է մեր բոլոր համակիրներին փողոց իջեցնենք, այդ դէպքում կը կարողանանք հասնել իշխանութեան հեռացմանը, եւ այդ օրը հեռու չէ»,- ընդգծեց Սաղաթէլեան։