image
Հրատապ լուրեր:

Մադրասի հայկական ժառանգության մասին՝ Իջեւանում

Մադրասի հայկական ժառանգության մասին՝ Իջեւանում

Մայիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի է ունեցել «Հայկական ժառանգությունը Մադրասում. պատմության և ինքնության հետքերով» թեմայով հանդիպում-քննարկումը, որին մասնակցել են բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ և ուսանողներ, տեղեկանում ենք ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղից։ 

Քննարկման խոսնակն է եղել ԵՊՀ ԻՄ շրջանավարտ, Հնդկաստանի հայ համայնքի ակտիվ անդամ, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ Հարավային Հնդկաստանի համակարգող Աշխեն Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է, թե ինչպես է ձևավորվել հնդկահայ համայնքը, ընդգծվել է, որ Հնդկաստանի տարածքում այսօր գործում են յոթ հայկական եկեղեցիներ:

Ա. Խաչատրյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Չեննայի՝ նախկին Մադրասի մասին, որը մի ժամանակ եղել է աշխույժ հայկական համայնք: Քննարկման մասնակիցներն ուշագրավ ճամփորդություն են կատարել դեպի այդ մոռացված պատմության էջերը, ծանոթացել են Մադրասի նշանավոր հայ վաճառականների անցած ճանապարհին և թողած ժառանգությանը:

Նշվել է, որ հայերը ոչ միայն պահպանել են իրենց հավատը, լեզուն ու մշակույթը, այլև ակտիվ դեր են խաղացել Մադրասի զարգացման մեջ՝ դառնալով յուրօրինակ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև:

Ներկայիս հայ համայնքի և նրա գործունեության մասին խոսելիս բանախոսը նկատել է, որ երբեմնի հայաշատ գաղութն այսօր գրեթէ հայազրկվել է, տեղաբնակ հայության թիվն այսօր Հնդկաստանում հասնում է 200-ի:

Աշխեն Խաչատրյանը ներկայացրել է նաև, թե ինքն ու  իր ամուսինն ինչպես են պահպանում հայկական հետքը Չեննայում և ցանկացած առիթի դեպքում սիրով խոսում են Հայաստանի, Մադրասում հայ համայնքի գործունեության մասին, որպեսզի տեղացիները ևս իրազեկված լինեն հայ-հնդկական դարավոր բարեկամության մասին:

«Իմանալով Մադրասի հայակական հետքերի մասին՝ մենք ամրապնդում ենք մեր ինքնությունն ու մշակութային հիշողությունը, ճանաչելով մեր անցյալը՝ մենք ուժեղացնում ենք մեր ներկան»,-- ընդգծել է Ա. Խաչատրյանը: