Իտալիոյ Rai 1 հեռուստաընկերութեան արհեստավարժ յայտնի լրագրող Սթեֆանիա Պաթիսթինին (Stefania Battistini) ծաւալուն ֆիլմ պատրաստած է, եւ հեռուստաընկերութիւնը ցուցադրած է ֆիլմը, որ կը վերաբերի անցեալ տարուայ արցախեան պատերազմին, պատճառներուն ու հետեւանքներուն: Այս մասին իր ֆէյսպուքեան էջով գրած է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:
«Ատրպէյճանական զինծառայողները կատարել են վայրագութիւններ՝ հայերու գլխատման դէպքեր, կտրում էին սպաննուած մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դէմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժուելու: Այնուհետեւ, նրանք այդ մասին տեսանիւթերը կամ լուսանկարները տարածում էին սոցիալական ցանցերում՝ հակական միջավայրում տարածելով բռնութեան տեսարաններ, իսկ իրենց մօտ արժանանում խրախուսանքի:
Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դէմ օգտագործուել են ճիհատիսթներ ու ահաբեկիչներ, կիրառուել են քիմիական էլեմենթներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զէնքեր:
Պատերազմական այս յանցանքները, դաժանութիւնները ծնելու են նոր՝ աւելի ծանր յանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիութեան դէպքում:
Ինքս ֆիլմում խօսել եմ նաեւ պատերազմի ժամանակ մարդու իրաւունքների խախտումների մասին, ցոյց եմ տուել պատերազմական յանցանքների ապացոյցները: Խօսել եմ նաեւ միջազգային կառոյցների խիստ անհամաչափ արձագանգի մասին, ինչպէս նաեւ այն մասին, որ այս ամէնը յանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ցեղասպան քաղաքականութեան հետեւանք է:
Մէկ ժամանոց տեսաֆիլմի մի հատուածը ներկայացնում ենք թարգմանութեամբ», գրած է ան: