ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում 2023 թվականի դրությամբ ալկոհոլից կախվածություն ունեցող 6312 անձ է հաշվառված: Չհաշվառվածների թիվը չի նշվում:
Նախարարությունը միաժամանակ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։ Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով մտածված և ոչ մտածված վնասների, ինչպես նաև սոցիալական ծանր հետևանքների առաջացման ռիսկը:
Ալկոհոլի չարաշահումն առաջացնում է զգալի ախտաբանական փոփոխություններ մարսողական և սրտանոթային համակարգերում։
Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալների համաձայն` ալկոհոլը դասակարգված է որպես քաղցկեղածին։
Ալկոհոլը իմունադեպրեսանտ է, որը մեծացնում է ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու ռիսկը:
Ալկոհոլի վնասակար օգտագործումն ավելի քան 200 հիվանդության և վնասվածքների առաջացման պատճառ է։
Աշխարհում տարեկան շուրջ 3 միլիոն մարդ մահանում է ալկոհոլի գործածման վնասակար հետևանքով:
Կա պատճառահետևանքային կապ ալկոհոլի գործածման հետևանքով առաջացող հոգեկան և վարքային խանգարումների, այլ սոմատիկ հիվանդությունների միջև»։