image

Հայաստանում մեկ ամսվա ընթացքում գրանցվել է ջրծաղկի 2000 դեպք

Հայաստանում մեկ ամսվա ընթացքում գրանցվել է ջրծաղկի 2000 դեպք

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատել է, որ ջրծաղիկն ակտիվանում է ձմեռ-գարուն ժամանակահատվածում:

Հայաստանում անցած մեկ ամսվա ընթացքում՝ մինչ այս պահը, գրանցվել է ջրծաղիկի շուրջ 2000 դեպք: Հիվանդությամբ վարակված անձանցից 88,2 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները, որից 40 տոկոսը՝ 3-6 տարեկանները: Չնայած կա ջրծաղիկ հիվանդության ակտիվացում, սակայն գրանցվող դեպքերը չեն հատում վարակի սեզոնայնությանը բնորոշ շեմը եւ անհանգստացնող ցուցանիշներ չեն: Ջրծաղիկը մեծ մասամբ գրանցվում է դպրոցահասակ և մանկապարտեզային տարիքի երեխաների շրջանում: Համաճարակաբանի խոսքով՝ այժմ վարակի դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել նաև հիվանդության պարբերականությամբ. «Եթե 2018-ի հետ համեմատենք, ապա կարող ենք ասել, որ հիվանդության աճ չունենք: Իսկ այս տարի դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել վարակի պարբերականությամբ. այն 3-4 տարի պարբերականությամբ աճ է գրանցում, հետո՝ մի քանի տարի նույն շեմի վրա մնում»:

Հիվանդության գաղտնի շեմը տեւում է 21 օր: Այն վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդուն: Ունի 99 տոկոս վարակելիություն: Անձը, գտնվելով փակ տարածքում ջրծաղիկով վարակված մեկ այլ անձի հետ, ամենայն հավանականությամբ կարող է վարակվել հիվանդությամբ, եթե մինչ այդ վարակված եւ առողջացած չի եղել: Այսինքն՝ եթե երեխան հիվանդանում է, որպես կանոն, համաձայն գրականության, նա ցմահ իմունիտետ է ձեռք բերում, եւ երկրորդ անգամ չի կրկնվում հիվանդությունը:

ՀՎԿԱԿ-ի մասնագետը շեշտում է՝ ջրծաղիկ հիվանդության դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է բարդ հետեւանքներ ունենալ: