image
Հրատապ լուրեր:

Հայաստանի առաջին կին օդաչուն բժշկուհի է

Հայաստանի առաջին կին օդաչուն բժշկուհի է

Երազանքին հասնելու համար Դիանա Սահակյանն ընկերների հետ ինքնաթիռ գնեց ու սեփական ձեռքերով հարթեց դրա համար նախատեսված թռիչքուղին։ Կոպիտ գրունտի մեջ խրվող ամեն դրոշակի հետ Դիանան ամրացնում էր իր որոշումը՝ զգալ երկնքի անսահմանությունը։ Երազանքի իրականացմանը Դիանան երբեք չի կասկածել, որովհետեւ վստահ է՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքի գեղեցկությանը։

«Էքստրիմն իմ կյանքում միշտ է եղել․ 12 տարի զբաղվել եմ լեռնագնացությամբ, Արարատն ու Կազբեկն եմ բարձրացել, թռել եմ պարաշյուտով ու պարապլանով, բայց երազանքս դեռ մանկուց ուղղաթիռն էր»,– ասում է 34-ամյա Դիանա Սահակյանը՝ Հայաստանի առաջին կին օդաչուն, որը մասնավոր թռիչքների իրականացման լիցենզիա ունի։

Դիանա Սահակյանի հայրը օդաչու է, մայրը՝ բժիշկ, պապը՝ Լեւոն Սահակյանը, Արցախի առաջին օդանավակայանի հիմնադիրն ու հրամանատարն էր։ Ասում է՝ թռիչքն ու երազանքը Սահակյանների գենետիկ առանձնահատկությունն են:

«Հայրս Արցախի առաջին օդանավակայանում է մեծացել ու միշտ ասում է, որ կյանքում երկու երազանք է ունեցել՝ դառնալ օդաչու եւ ամուսնանալ մորս հետ․ նրանք դասընկերներ են եղել։ Հորեղբայրս եւ նրա որդին եւս օդաչու են։ Ես եւ եղբայրս էլ երազում էինք թռչելու մասին, սակայն նրան խանգարեցին տեսողության խնդիրները, ինձ՝ կարծրատիպը, թե դա կանացի գործ չէ։

7-րդ դասարանում էի, երբ հորս ասացի, որ ուզում եմ ուղղաթիռ վարել։ Հայրս այդ ժամանակ Աֆրիկայում էր աշխատում եւ մի շատ հայտնի կին գործընկերուհի ուներ՝ օդաչու։ Նրա օրինակով հայրս ասում էր, որ նա շատ լավ օդաչու է, բայց այդ մասնագիտությունը համադրելի չէ մայրության հետ»,– հիշում է Դիանան։

Այդպես մասնագիտության ընտրության հարցում որոշումը կայացվեց հօգուտ բժշկության։ Ճառագայթաբանությունը դարձավ այն ոլորտը, որտեղ Դիանան պատրաստ էր նվաճելու բոլոր գագաթները։ Ուսանողական տարիներին չթողեց սպորտն ու էքստրիմը, սակայն տարիներ անց աշխատանքն այլեւս ժամանակ չէր թողնում այլ բանի համար:

«Մի օր ես ուղղակի նկատեցի, որ աշխատանքս, որքան էլ սիրելի եւ կարեւոր լինի, զբաղեցնում է ժամանակիս գրեթե 100%-ը։ Եվ երբ հնարավորություն ստեղծվեց, ի վերջո, իրականացնելու երազանքս, ես միանգամից համաձայնեցի․ ընտանիքիս եւ ընկերներիս հետ միացանք ու 2019 թվականին գնեցինք մեր փոքրիկ ինքնաթիռը։ Թռիչքուղի չունեինք, եւ մեր ինքնաթիռի համար սարքեցինք հատուկ թռիչքուղի՝ Եղվարդում․ մեր ձեռքով էինք հարթեցնում ու գրունտի մեջ խրում փոքր դրոշակները։ Ասում են՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքի գեղեցկությանը։ Երեւի հենց այդպես էլ կա, որովհետեւ արդեն ամիսներ անց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարեց օդաչուների սիրողական դասընթացի մասին, որին եւ մասնակցեցի»,– հիշում է նա։

Տեսական դասերի համար ընդամենը 104 ժամ էր նախատեսված․ ուսումնասիրում էին ամեն ինչ՝ օռնիթոլոգիայից մինչեւ հոգեբանություն եւ աերոդինամիկա։ Դիանան ասում է՝ այս իմաստով բժկությունն ու օդաչուի մասնագիտությունը շատ ընդհանրություններ ունեն․ երկուսն էլ շարունակական ինքնակրթություն եւ աշխատասիրություն են պահանջում։ Մնացյալը, ինչպես Դիանան է ասում, ցանկության հարց է։

Դիանան ասում է, որ ճառագայթաբանությունը՝ որպես դիագնոստիկ ոլորտ, ամենաբարդերից է։ Դիագնոստիկայով զբաղվող բժիշկը պետք է գաղափար ունենա ամեն ինչից, նույնը եւ՝ օդաչուն։ Առաջին հայացքից դրա հետ կապ չունեցող գիտությունները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ թռիչքի ժամանակ․

«Բժշկության մեջ, սակայն, ամեն ինչ ավելի դանդաղ է ընթանում․ ուսումնառության 104 ժամից հետո ձեզ հաստատ թույլ չեն տա վիրահատել, իսկ երկնքում դու հստակ գիտակցում ես՝ կյանքդ բառի  բուն իմաստով քո ձեռքերում է: Ռիսկերն այս երկու ոլորտներում էլ շատ են, բայց ինքնաթիռն ինձ համար դարձավ էներգիայի վերականգնման, հոգեկան բավարարվածության աղբյուր, որովհետեւ այնպես է ստացվել, որ ՄՌՏ հետազոտությունն անելուց հետո, առաջինը, ով մարդկանց ասում է իրենց մահացու ախտորոշման մասին, հենց ես եմ լինում, իսկ դա, հավատացեք, հոգեբանորեն չափազանց ծանր է։ Օդում ես, կարծես, բարձրից եմ նայում բոլոր հոգսերին ու խնդիրներին»,– ասում է Դիանան։

Հիշում է 2020-ին առաջին թռիչքը, որի զգացողությունը երբեք չի մոռանա․ իհարկե, թռիչքը մարզչի հետ էր, բայց, միեւնույնն է, ոչ մի բանի հետ չի համեմատի քամու զգացողությունը մաշկի վրա։ Վախը եւս կար, այն օգնում է խուսափելու չմտածված քայլերից, հաշվարկել յուրաքանչյուր հաջորդ շարժումը, սակայն Դիանան վստահ է՝ չի կարելի թույլ տալ, որ վախը կառավարի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում.