Գառնիի մէջ վերջին հրաժեշտ նահատակ՝ Նարեկ Բաղդասարեանին

Գառնիի մէջ վերջին հրաժեշտ նահատակ՝ Նարեկ Բաղդասարեանին

Մայիս 12-ին Սոթքի մէջ զոհուած գառնեցի 20-ամեայ Նարեկ Բաղդասարեանը նպատակ ունէր տնտեսագէտ դառնալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցին նշած է անոր ուսուցչուհին՝ Անահիտ Եսայեանը:

«Երբեմն այնպէս էր պատահում, որ  միասին էինք տուն գնում, քանի որ մեր թաղում էր ապրում: Պատմում էր իր երազանքների, նպատակների մասին: Մայրը հպարտանում էր, ասում էր՝ Նարեկս տնտեսագէտ է դառնալու: Շատ լաւատես մարդ էր, դաստիարակուած տղայ, շատ լաւ յատկանիշներ ունէր իր մէջ՝ յարգալից, շնորհքով, զուսպ, երբեք բարձր չէր խօսի: Ասում էր՝ տղան պէտք է ծառայի, եթէ մենք չպաշտպանենք մեր հայրենիքը, ո՞վ պէտք է պաշտպանի: Իր համար միեւնոյն էր, որ ինքը տան միակ տղան էր:

Երկու ժամ առաջ բոլորին զանգել է՝ քոյրերին, հօրեղբօր տղաներին: Վերջում ասել էր՝ շատ յոգնած եմ, յետոյ կը խօսենք: Մի անգամ մօրը տեսայ, հարցրեցի Նարեկից, ասաց՝ օրերն եմ հաշւում, 47 օր է մնացել Նարեկիս վերադարձին:

Բայց միեւնոյնն է, մենք սպասում ենք Նարեկին, մենք Նարեկին ենք ուզում: Մենք  չենք ուզում հերոս Նարեկ, մենք  ուզում ենք մեր Նարեկին, մեր պուճուրին»,-ըսած է ուսուցչուհին:

Մէկ այլ ուսուցչուհի՝ Նայիրա Խաչատրեանն ալ աւելցուցած է. «Չեմ յիշում, որ 3 տարիների ընթացքում դիտողութիւն արած լինեմ կամ բարձր տոնով իր հետ խօսեմ: Բանակից մի քանի օրով արձակուրդ էր եկել, եկել էր դպրոց: Մի փոքր զրուցեցինք բանակի կեանքից: Ասաց՝ Սոթքում եմ ծառայում: Ես մի փոքր լարուեցի, ասաց՝ ընկեր Խաչատրեան, ամէն ինչ լաւ է, մենք ոչ մի բան չունենք վախենալու: Դա մեր վերջին հանդիպումն է եղել»:

Այսօր ողջ Գառնին կը սգայ 20-ամեայ Նարեկի մահը: