image

Ես սովորեցի ապրել կնոջ հետ

Ես սովորեցի ապրել կնոջ հետ

Ես սովորեցի ապրել կնոջ հետ։ Դա այնպես չէ, ինչպես գրում են վեպերում։ Օրինակ, չգիտեի, որ կնոջ մեջքին թափվող վարսերը ոչ միայն եզակի գեղեցկություն են, նրա կանացիությունն ու հմայքը, այլեւ՝ կոկկություն առաջին հերթին իմ կողմից։ Չէ՞ որ, երբ պառկում եմ նրա կողքին, պիտի անպայման հիշեմ, որ անհրաժեշտ է նախ մի կողմ հավաքել նրա վարսերը բարձից, ապա նոր տեղավորվել։ Դա ժամանակի հետ սովորություն է դառնում։

Ես չգիտեի, որ եթե նա վատ տրամադրություն ունի, ապա հարկավոր է անմիջապես գրկել, պարզել պատճառը, հանդարտեցնել։ Մինչդեռ ինքս հակառակն եմ․ երբ վատ եմ զգում, չեմ ուզում, որ ինձ հարցաքննեն, մտնեն հոգուս մեջ․ նման պահերը մենակ եմ հաղթահարում։

Ես չգիտեի, որ նա երբեք ինձ օգնության խնդրանքով չի դիմի, այլ ինքս պետք է իրեն առաջարկեմ օգնությունս։ «Ձեռք մի տուր, ինքս կանեմ», «Ինքս էլ կարող եմ»․․․ Այսպես չէ։ Ավելի ճիշտ սպասում է, որ պնդեմ առաջարկս։ Նրա համար կարեւոր է, որ իրեն կին զգա, «ձին» ինքս էլ կլինեմ։ Եթե չթողնես նրան, որ վարդի փնջից ավելի ծանր բան վերցնի, ապա շուտով կտեսնես, որ տրամադրությունը բացվում է, իսկ դեմքին ժպիտ կլինի ամեն օր։

Ես չգիտեի, որ կինը միայն սիրուհի չէ, որի հետ կարող ես քնել նույն անկողնում, օգտվել նույն լոգարանից ու խոհանոցի սեղանից։ Նա նաեւ ընկեր է, որին պիտի ուշադիր լսես, հասկանաս, անգամ, եթե նա խոսում է ոչ մի բանի մասին։ Կինը հանելուկ չէ, չէ։ Իմ յուրաքանչյուր հարցին ես կարող եմ պատասխան ստանալ, եթե կարողանամ լինել ավելի ուշադիր։ Նա միշտ ասում է, թե ինչ է իրեն հարկավոր։ Մշտապես։ Տարօրինակ է, երբ տղամարդիկ ասում են, թե չգիտեն՝ ի՞նչ է ուզում կինը։ Ավելի շուտ, չեն կամենում իմանալ։

Ես չգիտեի, որ հարաբերությունները ոչ միայն ես եմ, այլեւ «ես»՝ բարձրացրած քառակուսի։ Եթե դու կանգնած ես տեղում, իսկ մյուսը շարունակ գալիս է քեզ ընդառաջ, ապա, ըստ երեւույթին, շուտով կհայտնվես վերջում։ Յուրաքանչյուրն իր քայլն ունի անելու։ Անոտանին տեղ չունի մեկնարկում։ Իսկ հրել մյուսին անդունդը - դեռեւս վերջը չէ։ Ցանկացած փոսից միշտ էլ կարելի է դուրս գալ։ Կարեւորը՝ չմերժել ձեռքը, որը քեզ է մեկնում։ Անգամ եթե ինքն է հրել գցել։ Ու բռնելով ձեռքը՝ չսպասել հարմար պահի, թե ե՞րբ ինքդ նրան կհրես ի պատասխան։ Անել ինչ-որ բան ի պատասխան կամ փոխադարձաբար - նույնն է թե թույն խմել նույն գավաթից, եթե անգամ երկուսից մեկը գիտի դրա կործանարար հատկության մասին։ Հարկավոր է թափել գավաթից սպանիչը ու փոխարենը լցնել արբեցումով։ Վրեժը սառը կերակուր է ու չի կարող տալ ցանկալի արդյունքը։ Ինչպես, օրինակ, ձեռքերի քնքշանքը, ինչից արբում ես շատ ավելի, քան ցանկացած ընտիր գինուց։ Քնքշանք՝ ի պատասխան սառը կերակուրի, միայն թե տաք վիճակում։

Ես չգիտեի, որ զգացմունքները չեն գտնվում որովայնից ներքեւ, այլ՝ մատների ծայրերին, որոնցով հպվում ես նրան։ Եվ եթե քնարը նվագում է, ուրեմն՝ քո նվագարանն է։ Չէ՞ որ մատները հնարավոր չէ լարել․ դու կա՛մ ունես տաղանդ, կա՛մ՝ ոչ։

 

Վյաչեսլավ Պրախ

 

«Կաֆեյնյա-2»

 

Ռուսերենից թարգմ․՝ Անուշ Սարգսյանի