Երուսաղէմի Հայոց պատրիարքն իսրայէլեան «XANA CAPITAL» ընկերութեան ուղարկած է հայկական թաղամասի մօտ 25%-ի 99 տարիով վարձակալութեան պայմանագիրը չեղարկելու նամակ: Այս մասին եղած է հրապարակային յայտարարութիւն։ Այս մասին յայտնած է ՀՀ նախկին Մարդկային իրաւանց պաշտպան, «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն Արման Թաթոյեանը․
«Սակայն նամակից կարճ ժամանակ անց իրավիճակը տեղում լարուել է, յատկապէս`վերաբնակիչների, բանակի զինուած ծառայողների եւ շների ժամանումից յետոյ: Ստեղծուած իրավիճակից ելնելով` Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայոց Պատրիարքը եւ հոգեւորականները եկել են «Կովերի պարտէզ»:
Քերքոնեան Դաջանի (Kerkonian Dajani LLP) ընկերութիւնը, փաստաբան Կարօ Ղազարեանը, Իրաւունքի եւ արդարութեան կեդրոն «Թաթոյեան» հիմնադրամը եւ փաստաբանական ողջ թիմը կապի մէջ է համայնքի ղեկավարների հետ եւ հետեւում է իրավիճակին` ձեռնարկելով «Կովերի պարտէզ»-ում լարուած իրավիճակը հանդարտեցնելու միջոցներ: Երէկ գիշեր արդէն որոշակի քայլեր ձեռնարկուել են:
Այդուհանդերձ, սրանից մի քանի ամիս առաջ` 2023թ. յունիսին Քերքոնեան Դաջանի ընկերութեան գլխաւորած փաստաբանների եւ խորհրդականների խումբն իրականացրել է փաստահաւաք առաքելութիւն, որին մասնակցել է նաեւ Իրաւունքի եւ արդարութեան «Թաթոյեան» հիմնադրամը:
Այդ առաքելութիւնից առաջ Երուսաղէմի հայ համայնքից ահազանգեր էին ստացուել հայկական թաղամասի «Կովերի պարտէզ» («Cows’ Garden») կոչուող վայրում կառուցուելու էին հիւրանոց ու ժամանցի վայրեր, իսկ յարակից թաղամասերից վտարուելու էին բնակիչները, որոնք պատմականօրէն բնակւում են Սուրբ Յակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջօրէն վտանգուելու էր նաեւ հայկական թաղամասի թանգարանը եւ տեղահանուելու էր գերեզմանատունը:
Հաւաքուած փաստերի վրայ փաստաբանական թիմը պատրաստել է 184 էջանոց զեկոյց, որը ներառում է էական ապացոյցներ: Դրանց հիման վրայ ձեռնարկուեցին իրաւական քայլեր:
Շնորհակալութիւն փաստաբաններ Կարօ Ղազարեանին (Garo Ghazarian), Գառնիկ Քերքոնեանին (Karnig Kerkonian), Լիզ Միրզա Ալ-Դաջանիին, Անի Նազարեանին (Ani Nazaryan), ինչպէս նաեւ հայ համայնքի ներկայացուցիչ գործընկերներ Յակոբ Ջերնազեանին (Hagop Djernazian), Սեթրակ Բալեանին (Setrag Balian Jr.), Վարսէն Աղաբեկեանին (Varsen Aghabekian) պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Շնորհակալութիւն ենք յայտնում նաեւ Ջեկ Յուրեջեանին (Jack Youredjian) եւ Վաչէ Կարմանդարեանին (Vatche Karmandarian)»: