Բանգլադեշի Դաքքա քաղաքում հայ չկա եւ չկա հայ քահանա, որ Սուրբ Հարության պատարագ մատուցի, հայտնում են Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցուց: Ուստի եկեղեցին տնօրինողները թույլ են տվել, որ բանգլադեշցի քրիստոնյաներն իրենց Զատկի պատարագը մատուցեն հայկական եկեղեցում: Տեղի քրիստոնյաները Զատիկը տոնելու են ապրիլի 22-ին, նշել են, որ հայկական եկեղեցում մատուցվող պատարագը հայկական ծեսի հետ ոչ մի կապ չի ունենալու:
Դաքքայի հայկական եկեղեցին կառուցվել է 1781 թվականին՝ Արմանիտոլա շրջանի հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, որ հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում եւ հիմնականում զբաղվել են առեւտրով։ Շնորհիվ առեւտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար Ա Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնին։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աշխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում։ Դաքայում հայեր այլեւս չկան, եկեղեցին չունի մշտական վանահայր:
Երկու տարի առաջ մահացել է նաեւ եկեղեցուն տարիներով հետեւած միակ հայը՝ Մարտինը (Մայքլ Ջոզեֆ Մարտին), որ Դաքքա էր գնացել 1942 թվականին։ Նա հոգ էր տանում եկեղեցու եւ նրա հարևանությամբ գտնվող գերեզմանատան նկատմամբ, որտեղ թաղված են մոտ 400 հայեր: