image
Հրատապ լուրեր:

Ցուցադրություն. «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով»

Ցուցադրություն. «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունների փոքր սրահում բացվել է «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» ցուցահանդեսը: Այս բացառիկ ցուցադրությամբ առաջին անգամ անդրադարձ է կատարվում հայերի կոտորածների եւ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ հոլանդական արձագանքին:

Ցուցադրված են բնօրինակ փաստաթղթեր, պատկերավոր նյութեր, ժամանակի հոլանդական մամուլում տեղ գտած՝ Հայոց ցեղասպանության թեմայով բացառիկ նմուշներ, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Ներկայացված նյութերի մեծ մասը ցուցադրության հեղինակ՝ հոլանդացի հետազոտող դոկտոր Դիրք Ռոոդզանտի անձնական հավաքածուից է:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան պարոն Չիփ Լեյթինենը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի եւ Թանգարանների տնօրեն արժանապատիվ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Ցուցադրության բացումից հետո պարոն Ռոոդզանտը ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հանդես եկավ «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով դասախոսությամբ, որի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Հայոց ցեղասպանության թեման միջազգային հարթակներում ներկայացնելու համար Դիրք Ռոոդզանտին պարգեւատրեց «Ջեյմս Բրայս» հուշամեդալով:

Ցուցադրությունը կգործի մինչեւ 2022 թվականի սեպտեմբեր ամիսը: