image

Բերձորի մէջ 180 բնակիչ կայ. Բերձորի քաղաքապետ

Բերձորի մէջ 180 բնակիչ կայ. Բերձորի քաղաքապետ

Այն, որ Հայաստանը Արցախին կապող երթուղիի փոխուելու պարագային ներկայ միջանցքը կ'անցնի Ատրպէյճանի վերահսկողութեան տակ սպասելի էր, մեզի համար աւելի շատ զարմանալի էր այն փաստը, որ իշխանութիւնները  կ'ըսեն, որ Բերձոր մարդ չ'ապրիր։ Այս մասին ըսաւ Բերձորի քաղաքապետ՝ Նարեկ Ալեքսանեան՝ անդրադառնալով օրեր առաջ կայացած ասուլիսի ընթացքին Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեան, թէ Բերձորի մէջ գրեթէ մարդ չ'ապրիր։

«Չգիտեմ՝ որտեղից է նրան փոխանցուել այդ տեղեկութիւնը, ամէն դէպքում դա իրականութեանը չի համապատասխանում, Բերձում մօտ 180 բնակիչ կայ։ Պատերազմից յետոյ որքան բնակիչ կար, հիմա էլ շարունակում է այդքան մնալ։ Մարդիկ այստեղ շարունակում են ապրել իրենց առօրեայով, առանց խուճապի։ Նոր ճանապարհի փոփոխութիւնը եւ արդէն տեւական ժամանակ քննարկումները՝ Բերձորը յանձնելու վերաբերեալ չեն խանգարում մարդկանց ապրել իրենց առօրեայով»,- ըսաւ քաղաքապետը։ 

Անդրադառնալով օրեր առաջ Արցախի նախագահ՝ Արայիկ Յարութիւնեանի այն յայտարարութեան, թէ ընկերային ծրագիրներու ծիրէն ներս Բերձորի եւ Սուսի բնակիչները ստացած են իրենց համապատասխան փոխհատուցումները, քաղաքապետը ըսաւ․

«Վարչապետն էլ իր ասուլիսում ասաց, որ բնակարանային հարցը լուծուած է։ Ամէն դէպքում դա դեռ որոշում է։ Ո՛չ նախկին տեղահանուածների եւ ո՛չ ենթադրեալ տեղահանուողների համար բնակարանային հարցը չի լուծուել, բայց գիտենք, որ կայ կառավարութեան որոշում, որը դեռ գործընթացի մէջ է»։

Բերձորի քաղաքապետը նշեց, որ բնակիչներուն համար ցաւալի է գիտակցիլը, որ հնարաւոր է գայ պահ մը, երբ ձգեն իրենց տուները եւ դուրս ելլեն Բերձորէն։

«Անզգայ պէտք է լինես, որ չհասկանաս, ինչ է կատարւում, ցաւ ու ափսոսանք են զգում մարդիկ, տուն տեղ են դրել, ստեղծել։ Ես նաեւ չեմ պատկերացնում դուրս չգալու դէպքում՝ ինչ վիճակ կը ստեղծուի, ո՞վ պատասխանատու կը լինի այստեղ մնացողների համար, որովհետեւ մենք գործ ունենք Ատրպէյճանի հետ։ Պէտք է նախ հասկանանք՝ ինչ իրավիճակ կը ստեղծուի այս բնակավայրի հետ կապուած, ինչ կարգավիճակ կ'ունենայ։ Խնդիր չկայ, որոշում ենք, մնում ենք, իսկ ով է յաջորդ օրուայ պատասխանատուն։ Ամէն դէպքում այս պահին մենք շարունակում ենք մնալ Բերձորում, մնացածը տուեալ պահին պէտք է կողմնորոշուենք»,- ըսաւ Նարեկ Ալեքսանեան։

Ինչ կը վերաբերի նոր երթուղիի անվտանգային երաշխիքներուն, Ալեքասնեան ըսաւ, որ այն անվտանգ պիտի ըլլայ միայն խաղաղապահներու ներկայութեան պարագային։ 

 

Լուրը՝ Tert.am-էն: