image

Բաբայեան իր Արցախ երթալու եւ յառաջիկայ գործունէութեան մասին

Բաբայեան իր Արցախ երթալու եւ յառաջիկայ գործունէութեան մասին

Իմ Արցախ գալը ոռնոց բարձրացուցած է, թէ եկած է Արցախը յանձնելու Ատրպէյճանին, իսկ նախկին եւ ներկայ ղեկավարութիւնը, որպէս ռազմական յանցագործ՝ Պաքուին։ Այս մասին յայտարարութիւն տարածած է Արցախի Պաշտպանութեան Բանակի նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեանը:

Յայտարարութեան մէջ նաեւ ըսուած է. «Նախ իմ՝ Արցախում «յայտնուելու» մասին․ ես եւ իմ ընտանիքը գրանցուած ենք եւ ապրում ենք Արցախում, իսկ թէ որտեղ եմ ես գիշերը քնում, իմ անձնական գործն է։ Այդ մասին հաշուետու կը լինէի, եթէ պաշտօն զբաղեցնէի Արցախում։ Շրջափակման պայմաններում իմ Արցախ գալ-գնալը դեղին մամուլի նիւթ սարքելը շատ անհետաքրքիր զբաղմունք է։

Լաւ է, որ ինքնախոստովանական ցուցմունքներ էք տալիս, այն էլ՝ գրանտակեր (դրամաշնորհ ստացող) լակոտ-լուկուտների, Արցախից վախած-փախածների բերանով։ Դա խօսում է այն մասին, թէ ինչքան յանցագործութիւն էք կատարել 20 տարուայ մէջ, որ պատրաստ էք Արցախի ժողովրդից գողացուած փողերով լրատուականներ առնել, փողեր ու ջանքեր թափել, միայն թէ՝ Բաբայեանը չգայ։

Եթէ իմ գաղափարների եւ առաջարկութիւնների շուրջ բովանդակային քննարկում կարող էք պատուիրել, անգամ կարող եմ բանավիճել, որպէսզի ժողովրդին ցոյց տամ ձեր մտքի դատարկութիւնը։ Իսկ հայրենասիրութիւն խաղալով մոլորեցնելը այլեւս չի ստացւում․ երբ խաբում էիք, թէ տարածաշրջանում ամենաուժեղ բանակը մերն է, բայց պիւտճէն ուղղում ձեր անձնական գրապանները, երբ զօրահանդէս էիք կազմակերպում ոչ թէ հասարակութեանը հաշուետու լինելու, այլ նկարուելու համար, ժողովուրդը վերջնականապէս համոզուել է 2020 թուականին։

Մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Արցախ-Հայաստանի յանցագործ խունտան պատրաստ է Արցախը յանձնել թուրքին, միայն թէ Սամուէլ Բաբայեանը չգայ իշխանութեան։

Այն, ինչ տեսնում ենք մամուլում, ցոյց է տալիս Արցախն այս վիճակին հասցրած ազգի դաւաճանների վախի չափը։ Ոռնացողներն ու նրանց քաղաքական հովանաւորները լաւ գիտեն, որ, երբ պատասխանատւութիւն ստանձնեմ, բոլորը պատասխան են տալու՝ Արցախը թալանելու, Արցախի ժողովրդին սնանկացնելու, Արցախը կործանելու համար։

Այոˊ, պատասխանատւութեան եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Պաքուին չեմ յանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղուած է ձեր յանցագործութիւնների ֆունդամենտը (հիմքը)»։