ՀԱՊԿ (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն) առաքելութիւնը ՀՀ տարածքին մէջ չի գործեր պարզ այն պատճառով, որ, ըստ էութեան, չի մատնանշեր, թէ որն է իր պատկերացուցած ՀՀ տարածքը: էական խնդիրը այս է: Նման կերպ արձագանգած է վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ պատասխանելով Ռուսիոյ Դաշնութեան արտաքին գործոց նախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութեան վերաբերեալ հարցին:
Յիշեցնենք, որ Լաւրով յայտարարած էր, թէ Արեւմուքտը Հայաստանին ազդակներ կ'ուղարկէ «քշելու ռուսերը»:
«Եթէ ՀԱՊԿ-ն դա յստակ ընդգծի, պրոբլեմների (խնդիրներ) 90 տոկոսը կը վերանայ: Մենք արեւմուտքից [ռուսերը–խմբ.] քշելու, յարաբերութիւնները խզելու, դուրս մղելու որեւէ ազդակ չենք ստանում եւ չենք ստացել եւ չեմ կարծում, որ նման ազդակ երբեւէ կը լինի: Ազդակները կարող են լինել երկկողմ յարաբերութիւնների զարգացման կամ ընթացքի մասին, ինչեւ վերաբերում է, այդ թւում, Ռուսաստանին: Մենք մեր երկկողմ յարաբերութիւնները ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում եւ կարծում եմ, որ որեւէ մութ կէտ չկայ այդ խօսակցութիւններում, որոնք մենք ունենք մեր տարածաշրջանում ՌԴ եւ մեր յարաբերութիւններում առկայ իրադրութեան վերաբերեալ»,-ընդգծած է Փաշինեան:
Ինչպէս նշած է վարչապետը, ինքը չի կարծեր, որ Արեւմուտքը որեւէ մէկուն ձեռքը բռնած է եւ թոյլ չի տար կատարելու իր գործառոյթները` Լեռնային Ղարաբաղի մէջ խաղաղապահներու հետ կապուած, այլ անվտանգային հարցերով։
«Եթէ ճիշդ եմ յիշում 2021-ին խաղաղապահի ներկայութեամբ դիպուկահարի կրակոցից Արցախի բնակիչ էր սպանուել, անգամ խաղաղապահներն էին այդ մարդուն ասել` գնա, աշխատի, մենք քո անվտանգութիւնն ապահովում ենք, կամ Խծաբերդի դէպքերը։ Այսօր մեր գերեվարուած հայրենակիցների 90 տոկոսը գերեվարուել է խաղաղապահների տեղակայումից յետոյ եւ խաղաղապահների տեղակայման գօտում։ Արեւմուտքն այստեղ ի՞նչ կապ ունի»,- աւելցուցած է Փաշինեան։